Մեկ ժամվա տարբերությամբ 2 շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանի Խանջյան փողոցում. կան վիրավորներ. shamshyan.com
Երեկ՝ փետրվարի 11-ին, 2 շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, երկուսն էլ միևնույն վայրում: Ժամը 20:10-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց, բախվել են երկու Opel մակնիշի և մեկ Mercedes մակնիշի ավտոմեքենա:
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է: Տուժածներից երկուսը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, մեկը՝ Էրեբունի ԲԿ, մեկն էլ՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի վայրում զննություն կատարելուց հետո, երբ ճանապարհային ոստիկաններն ու հետաքննիչը մեկնելիս են եղել հիվանդանոցներ, նույն վայրում հերթական վթարն է տեղի ունեցել: Այս անգամ բախվել են երկու Toyota Camry մակնիշի, Mercedes մակնիշի և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










