Թուրքիայում Էրդողանին քննադատած 75-ամյա քաղաքացուն պատժել են՝ ստիպելով կարդալ նախագահի մասին բոլոր գրքերը
Թուրքիայում 75-ամյա քաղաքացուն «պատժել» են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար՝ ստիպելով նրան կարդալ Էրդողանի մասին բոլոր գրքերն ու ներկայացնել դրանց սեղմագիրը:
Ինչպես գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, Ստամբուլի Մալթեփե շրջանի բնակիչ Ալի Շահինը, ըստ մեղադրանքի, տեղի սրճարաններից մեկում բացված զրույցի ժամանակ քննադատական արտահայտություններ է իրեն թույլ տվել նախագահ Էրդողանի հասցեին: Դրանից որոշ ժամանակ անց սրճարան են մտել ոստիկաններն ու տարել 75-ամյա քաղաքացուն հարցաքննության:
Շահինը վերհիշել է, որ մինչ այդ սրճարանում անծանոթ մի անձ է շրջել, որին նա չի ճանաչում:
Քաղաքացին իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել և նշել է, որ ինքը նախագահին չի վիրավորել:
Ալի Շահինին պայմանականորեն չեն կալանավորել ու հանձնարարել են որպես պատիժ կարդալ Էրդողանի մասին բոլոր գրքերը:










