Ֆինլանդիայի Օուլու քաղաքում ներգաղթյալների կողմից անչափահասների բռնաբարության նոր դեպքեր են գրանցվել

11:38 • 12.02.19

Ֆինլանդիայի Օուլու քաղաքում գրանցվել են օտարերկրացիների կողմից անչափահասների բռնաբարության նոր դեպքեր, այս մասին հաղորդում է lenta.ru-ն:

Ֆիննական ոստիկանության տեղի վարչության տվյալներով՝ բռնաբարության զոհ դարձած երեխաներից մեկը 16 տարեկանից փոքր է, մյուսի 18 տարին չի լրացել: Ողբերգությունը տեղի է ունեցել անցյալ շաբաթվա վերջին՝ մասնավոր բնակարանում:

«Ոստիկանությունը ձերբակալել է մեկ կասկածյալի: Նա օտարերկրացի է, որն ունի Ֆինլանդիայում կացության իրավունք և այստեղ է գտնվում արդեն երկար տարիներ», - լրատվամիջոցներին փոխանցել է իրավապահ մարմնի ներկայացուցիչը:

Ավելի վաղ նույն քաղաքում 9 նման դեպք էր գրանցվել, կասկածյալները կրկին ներգաղթյալներ էին, որոնցից ոմանք ֆիննական քաղաքացիություն ունեն, մյուսներն էլ ապաստան են հայցում Ֆինլանդիայից: Բոլոր կասկածյալները ծնունդով հիմնականում Հյուսիսային Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից են: