Ռոհանին Իսլամական հեղափոխության 40-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ Թրամփին «ապուշ» է անվանել (լուսանկարներ, տեսանյութ)

15:04 • 12.02.19

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրապարակայնորեն «ապուշ» է անվանել: ԱՄՆ նախագահի հասցեին վիրավորանքը հնչել է Թեհրանի կենտրոնական Ազատության հրապարակում՝ երկրում Իսլամական հեղափոխության 40-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Ռոհանին խոստացել է, որ իր երկիրը չի հրաժարվի հրթիռային ծրագրից և որ իսլամական պետության դեմ «թշնամական» դավադրություններն անհաջողության կմատնվեն:

Ռոհանիի հայտարարությունը հաջորդել է Թրամփի՝ «Թվիթեր»-ում պարսկերեն գրառմանը, որում վերջինս քննադատել էր Իրանի իշխանություննրին՝ ասելով, որ Իսլամական հեղափոխությունը ձախողում է եղել:

Հիշեցնենք, որ երեկ Իրանում տոնակատարություններ են տեղի ունեցել՝ նվիրված 1979թ.-ի փետրվարի 11-ի՝ Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական դրվածքն արմատապես փոխած դեպքերին:

Տոնակատարության մասնակիցները հակաամերիկյան և հակաիսրայելական կարգախոսներն են վանկարկել, ինչպես նաև այրել այդ երկրների դրոշները: