ԱՄՆ պետքարտուղարը խոստացել է ավելի շատ ջանք գործադրել Ջամալ Խաշոգջիի սպանության գործը հետաքննելու համար
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունն ավելի շատ ջանք կգործադրի սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործը հետաքննելու համար: Այս մասին գրում է TACC-ը՝ Reuters գործակալությանը հղումով:
«ԱՄՆ-ը չի կոծկում սպանությունը», - հայտարարել է Պոմպեոն:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ավելի շատ ջանք կգործադրի, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը պնդում էր, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:
Ավելի ուշ՝ հոկտեմբերի 20-ին, Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:










