ՊՆ-ի չի պատրաստվում կոծկել որևէ դեպք, ծառայողական քննություն է անցկացվում պարզելու համար, թե ինչի հետ է դա կապված. նախարարը՝ զինծառայողի մահվան դեպքը չհայտնելու մասին (տեսանյութ)

12:33 • 12.02.19

Պաշտպանության նախարարությանը չի պատրաստվում ո´չ ծածկել, ո´չ կոծկել  որևէ դեպք: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով վերջերս Tert.am-ի հրապարակած այն լուրին, որ Ամանորի գիշերը ժամկետային զինծառայող է մահացել, որի մասին ՊՆ-ն ու Քննչական կոմիտեն չեն հայտնել:

«Փոքրիկ ծառայողական քննություն է անցկացվում պարզելու համար, թե դա ինչի հետ է կապված եղել, հաշվի առնելով այն, որ դեպքը ծառայության հետ կապված չի եղել: Մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»,-ասաց պաշտպանության նախարարը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ՊՆ-ն չի հայտնել Էդգար Գրիգորյանի մահվան մասին:

Տոնոյանի խոսքով՝ այժմ տեղեկությունները հնարավոր չէ ծածկել, որովհետև վիճակագրությունը, այսպես ասած, «խաչմերուկային» է ստացվում. «Դուք ստանում եք տեղեկություններ Դատախազությունից, Քննչական կոմիտեից, դուք ստանում եք նաև ՊՆ-ից, հնարավոր չէ որևէ բան կոծկել, բայց ես միևնույն ժամանակ չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ կապված նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել: Այսքանը»:

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել: Այս առնչությամբ պարզաբանում, ինչպես նաև տեղեկություն ստանալու համար Tert.am-ը գրավոր հարցումներ էր ուղարկել համապատասխան կառույցներին։

Պաշտպանության նախարարությունից Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին. «2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է»:

ՊՆ-ից հայտնել էին, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը: