Թուրքիայի իշխանությունները 67 մլն լիրայի չափով գլխագին են սահմանել հեղաշրջման փորձից հետո երկրից փախած թուրք զինվորականների համար

20:06 • 12.02.19

Թուրքիայի իշխանությունները 67 մլն լիրայի չափով գլխագին են սահմանել ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայից փախած ու այժմ տարբեր երկրներում գտնվող բարձրաստիճան թուրք զինվորականներին գտնելու և թուրքական արդարադատությանը հանձնելու համար:

Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, նման քայլը լուրջ հակազդեցության է արժանացել Հունաստանում, որտեղ գտնվում են հեղաշրջման փորձից հետո փախած, արտասահմանում գտնվող 74 թուրք զինվորականներից 8-ը:

Հայտնի է, որ Աթենք, Սալոնիկ, Տրիպոլի, Օրեստիադա, Նաֆպիլո, Աֆրինիա, Ռոդոս և այլ քաղաքներից 14 հույն փաստաբաններ հանդես են եկել թուրքական իշխանությունների նման քայլը դատապարտող հայտարարությամբ՝ շեշտելով, որ դա կոպիտ միջամտություն է այլ երկրների ներքին գործերին:

Հիշեցնենք, որ Հունաստանում գտնվող թուրք զինվորականներից  շատերին հունական դատարանն արդեն ազատ է արձակել, սակայն չի արտահանձնել Թուրքիային՝ նշելով, որ վերջիններս կարող են կտտանքների ենթարկվել հայրենիքում:

2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին: