Հանձնաժողովից առաջ չեմ կարող գնահատական տալ` զինվորին առողջ վիճակում են տարել բանակ, թե ոչ. Արծրուն Հովհաննիսյանը՝ Մարտակերտի հոսպիտալում մահացած զինվորի մասին

15:43 • 13.02.19

Հանձնաժողովից առաջ չեմ կարող գնահատական տալ` զինվորին առողջ վիճակում են տարել բանակ, թե ոչ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 18:00-ին, նախնական լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում Մարտակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Ֆրունզիկ Վալերիի Թամազյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ ժամը 20:30-ի սահմանում գրանցվել է զինծառայողի կենսաբանական մահը:

Tert.am-ն Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է պատահել, որ այս զինծառայողը զորակոչվել է բանակ:  «Ես չեմ կարող հիմա ասել, թե ինչպես է պատահել, դրա համար հանձնաժողով կա, հանձնաժողովը կտա գնահատական, կորոշենք մենք ճիշտ էինք, թե սխալ»,- ասաց նա:

Հովհաննիսյանը հավելեց, որ կա նաև հարուցված քրեական գործ, հանգամանքները կպարզվեն: