Ե՛վ մադրիդյան սկզբունքները, և՛ բանակցություններին համայնքների մասնակցությամբ ձևաչափը անցյալում են մնացել, պետք է նայել ապագային․ Հրաչյա Արզումանյան
Արցախի «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հրաչյա Արզումանյանի խոսքով՝ Արցախի ադրբեջանական համայնքին արցախյան հիմնախնդրի բանակցային սեղանին ներգրավվելը հնացած թեմա է, իսկ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, քանի որ արդեն ձևավորված պետություն է:
Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որը վերաբերում էր Արցախի «ադրբեջանական համայնքի»՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին միանալուն:
«Այդ թեման ակտուալ չէ հայկական կողմի համար, Արցախը, որպես արդեն ձևավորված պետություն, միջազգային հանրության հետ շփվում է որպես առանձին պետություն: Մեր մոտ ձևավորված են բոլոր պետական ինստիտուտները, մենք պետություն ենք, և Ադրբեջանը պետք է հաղորդակցվի Արցախի Հանրապետության հետ»,- ասաց նա:
Իսկ բանակցություններում համայնքների ներգրավման ձևաչափը, ըստ Հրաչյա Արզումանյանի, արդեն արդիական չէ, դա հասկացել է և՛ միջազգային հանրությունը, և՛ փորձագիտական դաշտը: «Միջազգային կոնֆերանսներին մենք մասնակցում ենք որպես Արցախի ներկայացուցիչ, ոչ թե որպես համայնքի ներկայացուցիչ: Կրկնեմ՝ համայնքային ձևաչափն արդեն պատմության գիրկն է անցել և վերադառնալը անցյալ իմաստ չունի»,- ասաց նա:
Ըստ նրա՝ իհարկե պետք է շարունակենք պնդել, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան՝ որպես պետություն, որը նաև ներկայացնում է իր ազգային փոքրամասնությունների շահերը:
«Մենք ունենք հունական, ռուսական համայնքներ: Մի փոքր ֆանտաստիկայի ժանրից է, բայց տեսականորեն հնարավոր է՝ պաշտպանենք նաև ադրբեջանական համայնքի շահերը,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը նկատի ունի, որ ադրբեջանական համայնքն ունի նույն բնույթը, ինչ ռուսական կամ հունական համայնքներն ունեն,- նրանք ունեն ազգային փոքրամասնության կարգավիճակ»:
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ միջազգային հանրությունը, որպես չեզոքության դրսևորում, Արցախին բանակցային սեղան ներգրավելուն զուգահեռ ընդունի նաև Ադրբեջանի ցանկությունը՝ «Արցախի ադրբեջանական համայնքին» ներգրավվելու, Հրաչյա Արզումանյանը պատասխանեց․
«Դա, իսկապես, արդեն անցած էտապ է: Սովետական միության շրջանն արդեն ավարտվել է: Հետխորհրդային շրջանից հետո, երբ Մադրիդյան սկզբունքներն էլ արդեն դարձել են հետսովետական շրջանի մաս, և հիմա քննարկվում են ձևաչափեր, որոնք այն ժամանակվա համար էին, այն, ինչ կարող ենք անել, քննարկելն է այսօրվա իրավիճակը»,- ասաց նա:
Ըստ Հրաչյա Արզումանյանի՝ այս իրավիճակում ինչպես Հայաստանի նոր, այնպես էլ Արցախի ապագայում ձևավորվող իշխանությունները, բանակցային սեղան պետք է նստեն՝ նոր սկզբունքներ քննարկելու համար:
«Ե՛վ մադրիդյան սկզբունքները, և՛ բանակցություններին համայնքների մասնակցությամբ ձևաչափը անցյալում են մնացել: Հիմա նոր իրավիճակ է, և այն, ինչ կարող ենք անել, նոր սկզբունքների շուրջ համաձայնություններ ձեռք բերելն է: Իմ կարծիքով՝ այս սկզբունքները պետք է համապատասխանեն ստեղծված իրավիճակին: Խոսակցությունը պետք է լինի նրա մասին, թե ինչպես է Արցախի և Ադրբեջանի միջև սահմանն անցնելու՝ երկու երկրների միջև, որոնք ձևավորվել են նախկին Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում: Հայկական կողմը պետք է պնդի, որ ցանկանում է Հյուսիսային Ղարաբաղը և այլն, իսկ ադրբեջանական կողմը իր պահանջներն է ներկայացնելու: Եվ բանակցությունների արդյունքում, գուցե, գան ինչ-որ կոնսենսուսի: Այսինքն՝ պետք է քննարկել, թե ինչ է մեզ սպասում ապագայում, ինչի առջև ենք մենք կանգնում: Իսկ այդ Մադրիդյան սկզբունքները, Քի Վեսթը և այլն, բոլորն արդեն անցյալ են»,- ասաց նա:
Ըստ Հրաչյա Արզումանյանի՝ պետք չէ քննարկել պատմությունը, պետք է նայել ապագային: «Ամեն անգամ անցյալը քննարկելիս, մենք հետ ենք գնում: Էներգիա և ռեսուրս ենք վատնում դրա մի բան վրա, որն անցյալում է։ Իմաստ չկա դրա մեջ, ուժ էլ չի մնացել դրա համար: Թող պատմաբանները դրանով զբաղվեն, ոչ թե՝ դիվանագիտությունն ու քաղաքական գործիչները: Հերիք է քննարկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, այն արդեն հայկական կողմի համար լուծված է։ Մենք պետք է լուծենք Արցախի հիմնախնդիրը, թե ինչպես է Արցախը, որպես հայկական պետականություն հանդես գալու աշխարհում, իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն արդեն պատմություն է»,- ասաց նա:










