Պետությունը, ելնելով իր նախորդ փորձից, պետք է պատրաստ լինի տարերային հայրենադարձության հաջորդ ալիքին․ փորձագետ
Դեռևս 2012 թ․ ԱԺ-ի հավանությանն էր արժանացել Սփյուռքի նախարարության կողմից մշակված «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծը, որի հետագա ընթացքը (պայմանավորված մերձավորարևելյան ճգնաժամի հետևանքով դեպի Հայաստան սիրիահայերի տարերային հոսքով) կասեցվեց։ Վերջերս Սփյուռքի նախարարությունը հրապարակեց «Սփյուռքի քաղաքականության ռազմավարության հայեցակարգի նախագիծը», բացի դրանից, նախարարության համապատասխան մասնագետներն աշխատում են «Հայրենադարձության մասին» օրենքի մշակման ուղղությամբ։ «Հայրենադարձության մասին» օրենքի ընդունման կարևորության մասին Tert.am-ը զրուցել է Սփյուռքի հարցերով փորձագետ Վահրամ Հովյանի հետ։
- Ձեր կարծիքով՝ «Հայրենադարձության մասին» օրենքի ընդունումն այսօր օրակարգայի՞ն հարց է։
-Հայրենադարձության ոլորտը կարգավորելու համար շատ կարևոր է «Հայրենադարձության մասին» օրենքի ընդունումը։ Դրանով կհստակեցվի հայրենադարձի պարտավորություններն ու արտոնությունները Հայաստանում։ Բայց որքանով էլ օրակարգային է օրենքի ընդունման հարցը, նախ անհրաժեշտ է մշակել հայրենադարձության վերաբերյալ որոշակի ռազմավարություն, քաղաքականություն, որոնք արտացոլված կլինեն այդ օրենքում։ Այս ամենի մշակման համար անհրաժեշտ են շատ խորը և համապարփակ ուսումնասիրություններ։ Նախ, պետք է հասկանալ՝ մենք ինչպես ենք պատկերացնում հայրենադարձության իրականացման ուղիները, ինչպես ենք հայրենադարձներին ինտեգրելու հայաստանյան կյանքին ու շատ այլ հարցեր։ Օրենքի ընդունումը մի ամբողջ գործընթացի վերջին փուլը պետք է լինի։
-Իսրայել պետության հիմնադրումից (1948 թ․) 2 տարի անց՝ 1950 թ, ընդունվել է Իսրայելի Պետության «Վերադարձի մասին» օրենքը։ ՀՀ-ն իր գոյության շուրջ 3 տասնամյակի ընթացքում չի ընդունել «Հայրենադարձության մասին» օրենքը։ Դրա բացակայությունն ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել։
-Նախ, նշեմ, որ հայրենադարձությունը կարող է լինել պլանավորված և տարերային։ Տարերային հայրենադարձության 3 ալիքներ մեր անկախության շրջանում արդեն եղել են։ Առաջին ալիքը 1989-91թթ․ էր, երբ 350 հազար ադրբեջանահայ ապաստան գտավ Հայաստանում։ Երկրորդ ալիքը 2003-ին էր, երբ մեծ թվով իրաքահայեր եկան Հայաստան, իսկ երրորդը՝ 2012-ի սիրիահայության տարերային ներգաղթն էր։ Տարերային հայրենադարձության այս 3 ալիքների ժամանակ պետությունը, տարբեր անհատ բարերարներ, կազմակերպություններ որոշ չափով կարողացան օգնել այդ մարդկանց, բայց, ընդհանուր առմամբ, այդ օգնությունը եղել է չկազմակերպված։ Այստեղից հետևություն, որ առանց հստակ ու մանրամասն մշակված հայեցակարգի, ռազմավարության ու վերջապես օրենքի հնարավոր չէ համապարփակ և մտածված լուծումներ առաջարկել այն հայերին, որոնք ապաստան են փնտրում Հայաստանում կամ պարզապես ցանկանում են հայրենադարձվել։ Հատկապես կարևորում եմ տարերային հայրենադարձության փաստը, քանի որ ապագայում էլ հնարավոր են նման դեպքեր։ Մենք ունենք մեծաթիվ համայնքներ Իրանում, Թուրքիայում, Ուկրաինայում, որտեղ դրությունը, մեղմ ասած, այնքան էլ խաղաղ չէ։ Աշխարհում միշտ էլ կան թեժ կետեր, որտեղ ապրում են հայեր, ու չի բացառվում, որ փախստականի կարգավիճակով մեծ թվով հայեր շատ մոտ ապագայում հայտնվեն Հայաստանում։ Պետությունը, ելնելով իր նախորդ փորձից, պետք է պատրաստ լինի տարերային հայրենադարձության հաջորդ ալիքին։
- Ձեր դիտարկմամբ՝ կարելի է մեկ օրենքի ներքո դիտարկել ամբողջ Սփյուռքը, օրինակ՝ ռուսահայությանը և ավանդական սփյուռքի ներկայացուցիչներին։ Ինչո՞ւ ենք առանձնացնում հատկապես ռուսահայության, որովհետև նրանք ևս ապրել են Խորհրդային Միության «դարաշրջանում»։
-Ես կարծում եմ՝ չպետք է տարբերակում դնել՝ ըստ աշխարհագրական պատկանելիության։ Բոլորի համար պետք է լինեն նույն պայմանները։ Սակայն այստեղ կա մեկ այլ հարց։ Օրինակ՝ ռուսահայության մի զգալի հատվածը վերջին տարիներին Հայաստանից արտագաղթածներն են ու նրանց մեծ մասը դեռևս ունի Հայաստանի քաղաքացիություն։ Այսինքն՝ նրանք Հայաստանում իրավական խոչընդոտներ գրեթե չեն ունենա։ Իրենք այստեղ կարող են օգտվել քաղաքացու իրենց բոլոր իրավունքներից։ Բացի դա, Հայաստանը նաև ԵԱՏՄ անդամ է, իսկ սա նշանակում է, որ շատ օրենքներ ընդհանուր են։ Իսկ ահա Մերձավոր Արևելքի, Միացյալ Նահանգների և այլ երկրների հայերը հայրենադարձության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտների են հանդիպելու, որոնք պետք է կարգավորել «Հայրենադարձության մասին» օրենքի շրջանակում։
- Առհասարակ Հայաստանն ի՞նչ կարող է առաջարկել սփյուռքահային, ով ցանկանում է դառնալ հայրենադարձ, և այս օրենքի շրջանակում ի՞նչ արտոնություններ պետք է սահմանել հայրենադարձների համար։
- Ես բազմիցս նշել եմ այս մասին։ Կարծում եմ՝ պետք է ստեղծվի հայրենադարձության հիմնադրամ։ Այս ընթացքում շատ մեծահարուստներ, անհատ մարդիկ, կազմակերպություններ օգնություն են տրամադրել հայրենադարձվել ցանկացողներին, այդ թվում՝ «տարերային հայրենադարձներին», բայց որպեսզի այդ օգնությունը լինի համակարգված, կարծում եմ, նպատակահարմար կլինի համահայկական այդպիսի մի կառույցի ստեղծումը, որտեղ հավաքված միջոցները կծախսվեն հենց հայրենադարձության հետ կապված խնդիրները լուծելու համար։ Բացի նմանատիպ հիմնադրամի ստեղծումից, ճիշտ կլինի, որ բարեգործական կազմակերպություններն իրենց բյուջեի մի մասն ամեն տարի ուղղեն հայրենադարձների խնդիրների լուծմանը։ Այդ պարագայում նրանք ոչ թե հանպատրաստից կօգնեն հայրենադարձներին, այլ այդ օգնությունը կլինի պլանավորված։ Իսկ Օրենքում անհրաժեշտ է նախևառաջ ուշադրություն դարձնել հայրենադարձներին ապրելավայրով ապահովելու խնդրին։ Սա հայրենադարձների հիմնական խնդիրն է Հայաստանում։ Եվ սա էր հիմնական պատճառը, որ սիրիական ճգնաժամի հետևանքով հայրենիք եկած շատ սիրիահայեր հեռացան Հայաստանից։ Միջազգային փորձի (առավելապես հրեական) վրա հիմնվելով՝ կարծում եմ, որ այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է հաշվառել Հայաստանի անմշակ հողատարածքները, ազատագրված տարածքները՝ հնարավոր հայերենադարձության դեպքում դրանք հայրենադարձներին տրամադրելու համար։ Այստեղ պետք է հաշվի առնել հայրենադարձ ընտանիքի անդամների թվաքանակը, նաև այն, թե որտեղ է ցանկանում բնակվել ընտանիքը։ Եթե, օրինակ, համաձայնում են բնակվել Երևանից դուրս, սահմանամերձ կամ ազատագրված տարածքներում, ապա նրանց պետք է տրվեն ավելի մեծ արտոնություններ։ Օրենքի այս դրույթի շրջանակում՝ հողահատկացումը կարող է տրամադրվել սկզբնական շրջանում 5 տարի անհատույց օգտագործման, իսկ դրանից հետո՝ ՀՀ կամ ԼՂՀ քաղաքացիություն ձեռք բերելու պարագայում՝ սեփականության իրավունքով։ Այս պարագայում ոչ թե պետությունն է լուծում հայրենադարձի խնդիրները, այլ օգնում է նրանց՝ սեփական խնդիրներին լուծում տալ։
Վերոնշյալ արտոնություններից բացի, կարծում եմ, անհրաժեշտ է նաև հայրենադարձների նկատմամբ կիրառել հատուկ հարկային քաղաքականություն։
Անհրաժեշտ է նաև բնակարանաշինության ոլորտում կատարել մի շարք փոփոխություններ։ Սա, իհարկե, ավելի շատ տնտեսագետների մասնագիտական տիրույթում է, սակայն, կարծում եմ, որ Երևանում կառուցվող էլիտար շենքերի փոխարեն կարելի է մատչելի սոցիալական բնակարաններ կառուցել ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մարզերում, որոնք ավելի հասանելի կլինեն հայրենադարձներին։
Առհասարակ, ճիշտ կլինի, որ Հայաստանում ստեղծվի տեղեկատվական կենտրոն, որը սփյուռքահայերին, հայրենադարձներին կապահովի համապատասխան տեղեկատվությամբ։
- Օրենքում արդյո՞ք պետք է հստակեցվի՝ ով է հայրենադարձը, և քանի՞ տարի արտասահմանում ապրող հայը կարող է դիտարկվել օրենքի շրջանակում:
- Այո՛, կարծում եմ, ճիշտ կլինի, որ օրենքում լինի հայրենադարձ հասկացության սահմանումը: Այն պետք է լինի միջանկյալ կարգավիճակ՝ մինչև ՀՀ քաղաքացիության շնորհումը: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա, կարծում եմ, կոնկրետ ժամկետ նշելը նպատակահարմար չէ: Յուրաքանչյուր ոք, ով մեկնել է Հայաստանից՝ արտերկրում մշտական կամ տևական բնակության նպատակով և ձեռք է բերել այլ երկրի քաղաքացիություն, կարող է դիտարկվել օրենքի շրջանակում:
- Այդ պարագայում, արդյոք, մի քանի ամիս կամ մի քանի տարի արտերկրում բնակվելուց հետո շատերը չե՞ն փորձի օրենքի շրջանակում օգտվել որոշակի արտոնություններից։
- Դա հնարավոր ռիսկերից մեկն է։ Կարծում եմ՝ որպես չափանիշ պետք է ընտրվի ոչ թե բնակության ժամկետը, այլ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու փաստը։










