Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը և պահանջում են չդադարեցնել գործարանի շահագործումը. Shamshyan.com
Արդեն մի քանի ժամ է՝ լարված իրավիճակ է Լոռու մարզում: Վաղ առավոտից Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը, ինչի պատճառով բեռնափոխադրումներ չեն իրականացվում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ պղնձաձուլարանի գործունեությունը չդադարեցվի:
Ակցիայի մասնակիցներն ասել են, որ 5500 ստորագրությամբ նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն մինչև այս պահը ոչ մի արձագանք չունեն թե՛ վարչապետից, թե՛ կառավարությունից:
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Ղազարյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, սակայն ակցիայի մասնակիցները պահանջում են հարցի հստակ լուծում, հստակ պատասխան:
Այս պահին երկաթգիծը դեռ փակ է: Մարզպետը ցուցարարներին հայտնել է, որ ինքը զանգահարել է կառավարություն և բարձրաձայնել խնդրի մասին, որտեղից խոստացել են, որ ուրբաթ օրը հանդիպում կկայանա, որին կմասնակցեն գործարանի տնօրինությունը, կառավարության ներկայացուցիչներն ու բողոքի ակցիայի մասնակիցները:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:










