68 եվրո. Ֆրանսիայի քաղաքներից մեկում շարունակաբար հաչող շների տերերի նկատմամբ տուգանք է սահմանվել
Ֆրանսիայի Ֆոկյեր փոքր քաղաքի իշխանությունները կտուգանեն այն շների տերերին, որոնք իրենց հաչոցով գիշերը կխանգարեն հարևանների քունը, գրում է Fox News-ը:
Տուգանքի չափը 68 եվրո է, որը կգանձվի այն դեպքում, եթե շներն «իրենց շարունակական հաչոցով խանգարեն քաղաքի բնակիչների անդորրը»: Քաղաքի իշխանությունները կարծում են, որ չափազանց շատ հաչող շներին պետք է ներսում պահել, ոչ թե թողնել դրսում՝ թույլ տալով, որ դրանք խանգարեն հարևանների հանգիստը:
Այս միջոցը ձեռնարկվել է քաղաքի շուրջ 1400 բնակիչների բողոքներից հետո: Բողոքները ստացվել էին բնակիչներից մեկի հասցեին, որը մի քանի շուն ունի, սակայն ոչ մի կերպ չէր ցանկացել քաղաքապետարանի հետ բանակցել իր շների պատճառած անհանգստության շուրջ:
Նման որոշումը, սակայն, ոչ բոլորի հավանությանն է արժանացել:
«Այդ դեպքում կարելի է նաև կիրակի օրերին եկեղեցու զանգերը դադարեցնել: Եթե շները բերան ունեն, ապա պետք է հաչեն, դա բնական է»,- ասել է Ֆրանսիայի Կենդանիների պաշտպանության ասոցիացիայի նախագահ Ստեֆան Լամարը, որը պատրաստվում է բողոքարկել որոշումը:
Ի պատասխան՝ քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ իրենց նպատակը շների հաչոցն արգելելը չէ: «Մենք այդ կենդանիների դեմ ոչինչ չունենք, բայց եթե որոշում եք շուն պահել, պետք է նաև դաստիարակեք դրանց»,- ասել է Ֆոկյերի քաղաքապետը:










