Հյուսիսային Կորեայում երեխաները զանգվածային սովի են մատնված. ՄԱԿ
Հյուսիսային Կորեայի բնակիչների 40%-ը բախվել է սննդի անբավարարության խնդրին, հաղորդում է Vietnam News-ը՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության զեկույցին հղումով:
Կազմակերպության տվյալներով՝ Հյուսիսային Կորեայի ամեն 4-րդ քաղաքացի պարենային անվտանգության բացակայության պատճառով ճգնաժամային իրավիճակում է գտնվում, իսկ 19 միլիոն քաղաքացի կախում ունի պարենային բաշխման պետական համակարգից:
Զեկույցում նշվում է, որ զանգվածային սովի խնդիրը վերաբերում է նաև երեխաներին: 1.5-2 տարեկան երեխաների ավելի քան 30%-ը բավարար քանակությամբ կալորիաներ չի ընդունում, իսկ նրանց ¼-ը տառապում է քրոնիկ թերսնումից:
Հյուսիսային Կորեան 1990-ականների կեսից ի վեր, երբ դադարեցվեց ԽՍՀՄ-ի կողմից սուբսիդիաների տրամադրումը, բախվում է բնակչության համար պարենի մշտական անբավարարության խնդրին:
Տարբեր տվյալներով՝ սովի զոհ է դարձել մի քանի հարյուր հազարից մինչև մի քանի միլիոն հյուսիսկորեացի:










