Լոս Անջելեսում 2021 թվականից կարգելեն բնական մորթուց ցանկացած տեսակի հագուստի ու աքսեսուարների արտադրանքը

17:58 • 13.02.19

ԱՄՆ Կալֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում 2021 թվականից կարգելեն բնական մորթուց ցանկացած տեսակի հագուստի ու աքսեսուարների արտադրանքը, այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:

Այսպիսով Լոս Անջելեսը կդառնա ԱՄՆ-ի ամենախոշոր քաղաքը, ուր նորաձևության արդյունաբերության մեջ արգելք է սահմանվելու կենդանիների մորթու գործածման համար:

«Անմարդկային այդ պրակտիկան պետք է դադարեցվի անհապաղ: Ես հպարտ եմ, որ մեր քաղաքը կատարեց այս կարևոր քայլը կենդանիների անիմաստ սպանությունների կանխարգելման ճանապարհին», - ասել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Բոբ Բլամենֆիլդը:

Հայտնի է, որ 2014 թվականին բնական մորթուց հագուստի և աքսեսուարների վաճառքն ամբողջ աշխարհում հասել է 35.8 մլրդ ԱՄՆ դոլար: Թեև որոշ հայտնի բրենդներ մասնագիտացված են հենց կենդանիների բնական մորթուց հագուստի ու աքսեսուարների պատրաստման վրա, դրա հետ մեկտեղ մի շարք այնպիսի բրենդեր, ինչպիսիք են Versace-ն, Gucci-ն, Michael Kors-ը, Ralph Lauren-ը, Tommy Hilfiger-ը արդեն հայտարարել են բնական մորթուց հրաժարվելու մտադրության մասին: