Կարակասում անհայտ անձինք առևանգել և սպանել են երկու զինծառայողի

06:24 • 13.02.19

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Էլ Վալիե թաղամասում անհայտ անձինք առևանգել և սպանել են երկու զինծառայողի: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը` հղում անելով El Nacional թերթին:

Աղբյուրի փոխանցմամբ` հանցագործները զինվորականներին սպանել են այն բանից հետո, երբ նրանց հարազատներին չի հաջողվել հավաքել պահանջված գումարը:

Երկրի իշխանություններն ուսումնասիրում են միջադեպի հանգամանքները: Այս տարվա սկզբից Կարակասում արդեն յոթ ոստիկան և զինվորական է զոհվել:

2017 թվականին Վենեսուելայի մայրաքաղաքը 50 ամենավտանգավոր քաղաքների վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը: Ըստ հրապարակված տվյալների` Կարակասում գրանցվել է 111.1 սպանության դեպք` յուրաքանչյուր 100 հազար բնակչի դիմաց: