Այդ էջը փակված է. Արթուր Մեսչյանը՝ բեմ վերադառնալու հնարավորության մասին

19:26 • 14.02.19

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգայի համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր Գագիկ Գալստյանի հրավերով փետրվարի 14-ին հյուրընկալվել է համալսարանում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը,  կարևորելով ուսանող և ապագա ճարտարապետ, շինարար և գլխավոր ճարտարապետ անմիջական շփումը ապագա մասնագետների մտածողության ձևավորման հարցում՝ Երևանի գլխավոր ճարտարապետը և ՃՇՀԱՀ-ի ռեկտորը պայմանավորվածություն են ձեռք բերել գլխավոր ճարտարապետի հետ ուսանողների հանդիպումը դարձնել պարբերական։

Հարց ու պատասխանի ընթացքում քննարկվել են մայրաքաղաքի կառուցապատման, կայանատեղերի, ավտոճանապարհների բեռնաթափման և քաղաքաշինական այլ հիմնախնդիրներին առնչվող բազմաթիվ հարցեր։ Համալսարանի ուսանողները բաց չեն թողել  հնարավորությունը ճշտելու՝ գլխավոր ճարտարապետը կվերադառնա՞ երգին, թե ոչ։ «Այդ էջը փակված է», - ասել է Արթուր Մեսչյանը՝ նշելով, որ ինքը ճարտարապետ է և հասուն տարիքում մտադիր չէ բեմ վերադառնալ:

Բարձր գնահատելով ուսանողների ներուժը՝ գլխավոր ճարտարապետն առաջարկել է  ուսանողներին նախագծեր անել ոչ թե վերացական, այլ կոնկրետ տեղանքների համար, որպեսզի հետագայում դրանցից լավագույները հնարավոր լինի կյանքի կոչել։