«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հավաքակայանում շուրջ 70 չօգտագործված ավտոբուս կա. դրանք քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում գիծ դուրս կբերվեն
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանին:
Ընկերությունը 19 երթուղի է սպասարկում շուրջ 180 ավտոբուսով: Բացի այդ, ընկերության հավաքակայանում շուրջ 70 չօգտագործված ավտոբուս կա: Դրանք քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում գիծ դուրս կբերվեն՝ համալրելով քաղաքապետարանի կողմից սպասարկվող երթուղիների ցանկը: Մինչեւ մայրաքաղաքի նոր տրանսպորտային համակարգի ամբողջական ներդրումը, միջանկյալ նոր երթուղիներ ու շարժակազմ կներգրավվի:
Երթուղիների ավելացմանն ու ընկերության գործառույթների ընդլայնմանը զուգահեռ, «Երևան ավտոբուս»-ում տեղի կունենան փոփոխություններ, մասնավորապես, տեխնոլոգիական վերազինման եւ նոր աշխատակիցների ներգրավման առումով:
Ընկերությունում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, տնօրենի փոփոխությունը մտավախություն է առաջացրել որոշ վարորդների մոտ, որ դրանց հետեւանքով կվատթարանան նրանց աշխատանքային պայմանները: Հայկ Մարությանը վստահեցրել է աշխատակիցներին, որ կրճատումներ ու կադրային փոփոխություններ ընկերությունում չեն լինելու, աշխատանքի պայմանները ոչ միայն չեն վատթարանալու, այլեւ հակառակը՝ սպասվում են բարելավումներ կանոնավոր աշխատաժամանակի եւ վարձատրության մասով:
Այնուհանդերձ, այսօր առավոտյան ընկերության մի քանի վարորդներ հրաժարվել են դուրս գալ երթուղի՝ պահանջելով նախկին տնօրենի վերադարձը: Ժամը 9.00-ի դրությամբ, սակայն, երթուղիների կանոնավոր աշխատանքը վերականգնվել է:










