Կոշտացնելու եմ իմ պայքարը. հացադուլ հայտարարած ռեժիսորը իշխանությանը համարում է հակամարդկային և նշում, թե որ դեպքում կդադարեցնի հացադուլը

14:20 • 14.02.19

Հայաստանում երբեք արդեն սկսված ֆիլմ չի կասեցվել. այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց հացադուլ հայտարարած կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը` անդրադառնալով «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման մերժմանը:

«Վերամոնտաժել են, հրամայել են կտրտել, ռեժիսորին հասցրել են խելագարության, բայց ֆիլմ չեն փակել, իսկ հանձնաժողովը նոր Հայաստանում կասեցրել է ֆիլմի ֆինանսավորումը, սակայն զավեշտը նրանում է կայանում, որ այն կետը, որ կասեցրել են, համարվել է անօրինական իրենց իսկ կողմից, այսինքն` մեր ֆիլմը անօրինական են կասեցրել»,-ասաց նա:

Հովհաննես Գալստյանը նշեց, որ Լիլիթ Մակունցը նախարար եղած ժամանակ իրեն տվել է ֆիլմի ֆինանսավորումը վերսկսելու հստակ երաշխիքներ, բայց նախարարն է դրժել իր խոսքը: Ասուլիսի ընթացքում ռեժիսորը միացրեց Լիլիթ Մակունցի հետ խոսակցության ձայնագրությունները և նշեց, որ առաջիկայում դա կհրապարակեն սղագրությամբ:

«Ես իմ գործընկերների հետ քննարկել եմ և նրանք մտահոգված են խնդրով, կոչ են անում դադարեցնել հացադուլը, ես տեսնում եմ, թե ինչ իշխանության հետ գործ ունենք: 12 օրերի ընթացքում գործադիր իշխանությունից նույնիսկ մեկ մարդ ինձ չի այցելել, օրենսդիրներից այցելել են: Ես, իհարկե, չեմ սպասում նրանց այցելությանը. մենք կարող ենք ունենալ ցանկացած կառավարություն, բայց չենք կարող ունենալ հակամարդկային, հումանիզմի տարրական չափաբաժնից զուրկ կառավարություն, իսկ մեր կառավարությունը այդպիսինն է: Այս ամենը հաշվի առնելով՝ ես միայն կոշտացնելու եմ իմ պայքարը»,-ասաց նա:

Ռեժիսորը Հայաստանի իշխանությանը կոչ արեց անհապաղ փրկել սեփական դեմքը:  «Դուք չեք կարող միջազգային կինոանախագծի մեջ տալ երաշխիքներ և չկատարել դրանք, դա Հայաստանը ներքաշելու է միջազգային դատավարության մեջ»,-ասաց նա:

Այնուհետև նա դիմեց Հայաստանի հասարակությանը` նշելով, որ դա իր գործընկերների պարտադրանք է և իր վերաբերմունքը: Այսպիսով՝ նա հայտնեց, որ«Տատիկի վարսերը» ֆիլմի համար հաշվեհամար է բացվել: Նա իշխանության մեջ գտնվող պարկեշտ մարդկանց կոչ արեց փետրվարի աշխատավարձերից փոխանցել հաշվեհամարին, դիմեց նաև բիզնես էլիտային`կոչ անելով աջակցել ֆիլմին և չկասկածել դրա հաջողության հարցում:

«Հասարակական աջակցությունը միակ իրատեսական ուղին է, որ ես տեսնում եմ հացադուլը դադարեցնելու համար, ես իշխանության հետ որևէ հույս չեմ կապելու»,-ասաց նա և նշեց, որ մարտի 1-ին գնալու է նկարահանման հրապարակ` նախապատրաստական աշխատանքների մասնակցելու,  իրեն պինդ ու ամուր է զգում:

«Երբ նվազագույն դրամային շեմը՝ 10 միլիոն դրամ կհավաքվի, և կառավարությունից երաշխիքներ ստանամ, որ ֆիլմի հանդեպ ստանձնած երաշխիքները վերահաստատվելու են, ես կդադարեցնեմ հացադուլը»,-ասաց նա և հայտնեց, որ հակառակ դեպքում հացադուլին միացողներ կլինեն:

«Ես թույլ չեմ տա, որ իմ ֆիլմը տապալեն չինովնիկական բթամտության պատճառով: 2020 թվականին, երբ ֆիլմը կբարձրանա էկրան, հասարակությանը շնորհակալություն հայտնելու համար ես կանեմ 5 անվճար ցուցադրում և կհրավիրեմ այն մարդկանց, ովքեր կսատարեն ֆիլմին»,-ասաց նա՝ իր համակրանքը հայտնելով Լիլիթ Մակունցին: