«Դուք իմ մա՞հն եք ուզում». Ալեքսանդր Դրուզը «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» շոուի հետ կապված սկանդալի ֆոնին լրագրողներին խնդրել է հանգիստ թողնել իրեն
Հանրահայտ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի մագիստրոս, «Ադամանդե բու» մրցանակի դափնեկիր, գիտակ Ալեքսանդր Դրուզը, որը «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի խմբագիր Իլյա Բերի հետ սկանդալի կիզակետում է հայտնվել, պատմել է, որ այս ամենի հետևանքով իր առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Ինչպես նշում է kp.ru-ն, Դրուզի սանկտպետերբուրգյան տան մոտ կուտակվել են մեծ քանակությամբ լրագրողներ, որոնց պատճառով գիտակը չի կարողանում անգամ բժիշկ տուն կանչել:
Դրուզը, դուրս չգալով լրագրողների մոտ, դռան հետևից ասել է, որ «իր առողջությունն իր համար շատ թանկ է, այդ իսկ պատճառով այլևս չի ցանկանում այդ պատմության մասին խոսել»:
«Առանց այդ էլ այս պատմությունը լուրերի առաջին տողերում է: Իսկ իմ ճնշումը 180/90 է, եթե, իհարկե, ձեզ հետաքրքրում է իմ առողջական վիճակը: Դուք իմ մա՞հն եք ուզում: Ես՝ ոչ»,-ասել է Դրուզը լրագրողներին:
Նա հավելել է, որ այս պատմության մեջ չեն կարող վերջակետ դնել ո՛չ ինքը, ո՛չ լրագրողները:
«Դեռևս չգիտեմ՝ Բերին դատի կտա՞մ վարկաբեկության համար: Կներեք, բայց այժմ պիտի գնամ պառկեմ, ուշքի գամ»,-ասել է գիտակը:
Հիշեցնենք, որ օրերս «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հայտնի հեռուստահաղորդման ռուսական տարբերակի գլխավոր խմբագիր Իլյա Բերը մեղադրել էր Դրուզին խարդախության ու խաղը «գնելու» փորձի համար:
Բերը պատմել է, որ 2018 թվականի նոյեմբերին Դրուզը մասնակցել է հաղորդման նկարահանմանը: Նկարահանումներից առաջ, ըստ Բերի, Դրուզն առաջարկել է հեռուստածրագրի գլխավոր խմբագրին բացահայտել հարցերի ցուցակն ու դրանց պատասխանները՝ փոխարենը խոստանալով 3 մլն ռուբլի շահումի մի մասը:
Բերը նշել է, որ խարդախությունն ապացուցել կարողանալու համար նա փոխանցել է Դրուզին հարցերի պատասխանների միայն մի մասը, վերջին 5 հարցը նա փոխել է, և դրանց պատասխանները գիտակը նախապես չի իմացել:
Դրուզը և նրա հետ խաղին մասնակցած գիտակ Վիկտոր Սիդնևը հասել են վերջին՝ 15-րդ հարցին ու չեն կարողացել պատասխանել դրան: Արդյունքում նրանք հեռացել են 200 000 ռուբլի շահումով:
Որպես իր մեղադրանքների ապացույց Բերը ներկայացրել է երկու ձայնագրություն, որտեղ գիտակը նրան անում է տվյալ առաջարկը:
Մինչդեռ Դրուզը, պատասխանելով իր դեմ մեղադրանքներին, նշել է, որ անազնիվ խաղի նրան դրդել է հենց Բերը: Դրուզի խոսքով՝ նա էլ որոշել է տեսնել, թե «որքան հեռու կգնա այդ մարդը»:
«Եվ մարդը գնաց ավելի հեռուն՝ սկսեց քննարկել գործարքի մանրամասները», - ասել է Դրուզը՝ նշելով, որ ինքը դիտավորյալ ձևացրել է, թե համաձայն է:
Գիտակը պնդում է, որ ինքն իրավիճակի մասին պատմել է իր հետ խաղին մասնակցող մյուս գիտակին՝ Վիկտոր Սիդնևին, որի հետ նրանք որոշել են հասցնել խաղը մինչև վերջին հարց, դիտավորյալ սխալ պատասխանել դրան, իսկ նկարահանումներից հետո բողոք ներկայացնել Բերի դեմ հաղորդման ղեկավարությանը:
«Վերջին հարցին, ինչպես պայմանավորվել էինք Սիդնևի հետ, մենք տվեցինք սխալ պատասխան, թեև երբ հարցը հնչեց, ես հասկացա, որ դրա պատասխանն ինձ հայտնի է... Հետ նայելով՝ հասկանում եմ, թե ինչ հիմար կերպ եմ վարվել: Ափսոսում եմ, որ այդպես ստացվեց», - նշել է Դրուզը:
Սկանդալը մեկնաբանել է նաև «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» նախագծի ստեղծող և «Игра-ТВ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նատալյա Ստեցենկոն:
«Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող է պրոֆեսիոնալ խմբագիրը մտնել գործարքի մեջ: Նույնիսկ սադրանքի համար: Ընդ որում՝ դավադրություն կազմակերպել մարդու դեմ, ում հետ մեկ անգամ չէ, որ սեղան է նստել»,- ասել է Ստեցենկոն:
Նա ընդգծել է, որ չի հասկանում Բերի հնչեցրած մեղադրանքները և ենթադրում է, որ վերջինս «էժանագին հայտնիություն» է փնտրում:
Ստեցենկոն նաև հայտարարել է, որ Բերի ու Դրուզի «ցուցմունքները» տարբեր են. յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին անազնիվ պահվածքի համար:
«Տխուր է, պարոնա՛յք, տխուր է: Եվ դուք բոլորդ սխալ եք: Կցանկանայի երկուսիդ էլ ապտակ տալ», - ասել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» նախագծի ստեղծողը:
Նա նկատել է, որ սադրանքի հետևանքով վտանգի տակ է հայտնվել ոչ միայն Դրուզի հեղինակությունը, այլև ռուսական «Առաջին ալիքի» մի շարք հարգված հաղորդումներինը:










