Կուրիլյան կղզիների մոտակայքում 5.0 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ է գրանցվել
Կուրիլյան կղզիների մոտակայքում երեկ՝ փետրվարի 13-ին, 5.0 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղին:
Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Կուրիլների խաղաղօվկիանոսյան ափին: Առաջին երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 20:25-ին (երևանյան ժամանակով ժամը 13:25-ին), որին հետևել են ևս երկուսը՝ ժամը 21:02-ին (14:02-ին) և 22:43-ին (15:43-ին):
Երկրաշարժերի էպիկնետրոնները գտնվել են Ուրուպից 17 կմ հարավ-արևելք և Սիմուշիրից 220 կմ հարավ: Օջախը գտնվել է 30 կմ խորության վրա: Ե՛վ Ուրուպը, և՛ Սիմուշիրն անմարդաբնակ կղզիներ են:
Տվյալների համաձայն ստորերկրյա ցնցումները տարածաշրջանում չեն զգացվել:










