Թուրքիայի Բուրսա քաղաքում միաժամանակ ԻՊ-ի 52 անդամ է ձերբակալվել, բոլորը Սիրիայի քաղաքացիներ են
Թուրքիայի Բուրսա քաղաքում ձեռնարկված ոստիկանական գործողության ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 52 անդամ է ձերբակալվել, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Հայտնի է, որ բոլոր ձերբակալվածները Սիրիայի քաղաքացիներ են: Ոստիկանության հատուկջոկատայինները միաժամանակյա գործողություններ են ձեռնարկել Բուրսայի երկու թաղամասում գտնվող 5 տարբեր հասցեներում:
Խուզարկությունների ժամանակ կասկածյալների մոտ հայտնաբերվել են նաև ահաբեկչական գործունեությանը վերաբերող կարևոր փաստաթղթեր և թվային նյութեր:
Շաբաթներ առաջ նույն քաղաքում թուրք իրավապահները ձերբակալել էին Ինտերպոլի կողմից որոնվող ԻՊ 12 զինյալի: Ձերբակալվածներից 11-ն օտարերկրյա քաղաքացիներ էին, նրանց թվում կային Սիրիայի և Ֆրանսիայի քաղաքացիներ:
Նշենք, որ ԻՊ-ը 14 հարձակում է իրականացրել Թուրքիայում, բացի այդ՝ միայն 2016 թվականի ընթացքում Թուրքիայի անվտանգության ուժերը կարողացել են կանխել ԻՊ-ի 24 ահաբեկչական հարձակում:










