Լատվիայում պատգամավորին պետական լեզվին բավականաչափ չտիրապետելու պատճառով կարող են զրկել մանդատից

16:54 • 14.02.19

Լատվիայի Դաուգավպիլսի երկրամասի խորհրդի անդամ Վալերի Խրապանին լատիշերենին բավականաչափ չտիրապետելու պատճառով կարող են զրկել մանդատից, գրում է РИА Новости-ն՝ Լատվիայի պետական լեզվի կենտրոնին հղումով:

«Անցած տարվա ամռանը կենտրոնը հաստատեց, որ Խրապանը նորմատիվ ակտերով սահմանված մակարդակով չի տիրապետում պետական լեզվին: Պատգամավորների համար դա լեզվի 6 մակարդակներից 5-րդն է»,- հայտնել են կենտրոնից:

Պետական լեզվի կենտրոնը պատգամավորին լեզվական գիտելիքները բարելավելու համար 6 ամիս էր տվել, սակայն պատգամավորը դեռևս լատիշերենին պատգամավորների համար օրենքով սահմանված մակարդակով չի տիրապետում:

Դա նշանակում է, որ պատգամավորին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումից հետո մեկ ամսվա ընթացքում Պետական լեզվի կենտրոնը ստիպված կլինի նրա մանդատը չեղարկելու պահանջով դատարան դիմել:

Լատվիայում գրեթե 2 մլն մարդ է ապրում, որոնց 40%-ը ռուսախոս է: Երկրում միայն մեկ պետական լեզու կա՝ լատիշերենը, իսկ ռուսերենն օտար լեզվի կարգավիճակ ունի: