Թրամփը 50 հազար դոլարով Սպիտակ տան համար գոլֆի նոր սիմույլատոր է ձեռք բերել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը գոլֆ խաղալու համար նոր սիմուլյատոր է ձեռք բերել՝ փոխարինելով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակներից մնացած սիմուլյատորը:
Ինչպես նշում է ABC News-ը, մի ամբողջ սենյակ զբաղեցնող սիմուլյատորը Թրամփին մոտ 50 հազար դոլար է արժեցել: Խոսքը մեծ տեսաէկրանի մասին է, որի միջոցով կարելի է սենյակային պայմաններում զբաղվել այդ սպորտաձևով:
Նշվում է նաև, որ նախագահն ինքն է վճարել սարքավորման համար: Այն տեղադրվել է շաբաթներ առաջ, և Թրամփը դեռևս չի հասցրել օգտագործել այն:
The Washington Post-ի հաշվարկներով՝ նախագահ դառնալուց ի վեր Թրամփը 139 անգամ գոլֆ է խաղացել: Խաղերը հիմնականում անց են կացվել ԱՄՆ-ում և արտերկրում 16 գոլֆի դաշտերում:
2014թ.-ին Թրամփը թվիթերյան իր էջում քննադատել էր իրեն նախորդած նախագահ Օբամային: «Պատկերացնո՞ւմ եք, չնայած Միացյալ Նահանգների բոլոր խնդիրներին ու դժվարություններին՝ նախագահ Օբաման ժամանակը գոլֆ խաղալով է անցկացրել: Նա Քարթերից էլ վատն է»,- ասել էր Թրամփը՝ նկատի ունենալով ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերին:










