ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասել է՝ լուրջ չի վերաբերվում ուսանողների բողոքին, դա ռեկտորին հարիր պահվածք չէ․ ուսանող
Արդեն երկրորդ օրն է՝ ԵՊՀ մի խումբ ուսանողներ իրազեկման երթ են իրականացնում:
Նրանք պահանջում են համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, ինչպես նաև, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը գումարի արտահերթ նիստ և անվստահություն հայտնի ռեկտորին։ Երեկ ուսանողներն իրենց նամակը փոխանցեցին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին։
«Մեր նամակին որևէ արձագանք չի եղել։ Իսկ այսօր շրջելու ենք ԵՊՀ բոլոր ֆակուլտետներով ու մեզ միանալու կոչով նամակ հանձնենք դեկաններին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ուսանող Դավիթ Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ լրատվամիջոցների հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասել է, որ լուրջ չի վերաբերվում ուսանողների բողոքին. «Կարծում ենք՝ սա ռեկտորին հարիր պահվածք չէ»։
Ուսանողներն իրենց հետագա քայլերի մասին դեռևս չեն ցանկանում խոսել, ասում են՝ «դեպքերի զարգացումը ցույց կտա»։










