Ինչ խնդիրների առաջ է կանգնել հայաստանյան մամուլը հետհեղափոխական շրջանում․ քննարկում (տեսանյութ)
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը և Հայաստանի ժուռնալիստների միությունը հայաստանյան մամուլի հետհեղափոխական խնդիրները թեմայով կլոր սեղան-քննարկում էին կազմակերպել։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց հեղափոխությունից հետո ուժային կառույցների կողմից տարբեր լրատվամիջոցներում իրականացված գործողություններին, դրանց հետևանքներին, ինչպես նաև բլոգերների նկատմամբ ճնշումներին։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանն ընդգծեց, որ իշխանությունների կողմից արված այն հայտարարությամբ, թե մամուլը պատերազմ է հայտարարել իրենց, հենց իշխանություններն էին պատերազմ հայտարարում մամուլին:
«ԱԺ պատգամավորներից մեկը հայտարարեց, որ պետք է պատժել ապատեղեկատվության համար։ Ընդ որում, մինչև հիմա չեն նշել, թե ինչ ապատեղեկատվություն են տարածել այդ լրատվամիջոցները։ Ապատեղեկատվության համար պատժի մեխանիզմներ կան գործող օրենսդրության մեջ, կրկին խոսում են արտադատարանական մեխանիզմների մասին, որ պետք է պատժեն մամուլին, սա վատ միտում է»,- նշեց Աղասի Ենոքյանը։
Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյան նկատեց, որ հետհեղափոխական շրջանում լրատվամիջոցները բարիկադավորվում են, ինչը, նրա գնահատմամբ, անընդունելի է։
«Բազմաթիվ ԶԼՄ-ներ այսօր էլ իրենց աշխատանքում կամա թե ակամա դասվում են այս կամ այն քաղաքական խմբերի շահերի սպասարկողների թվին՝ ներկայանալով քաղաքական բարիկադների այս կամ այն կողմում։ Դա մեզ՝ մամուլի ներկայացուցիչներիս համար ինչ-որ իմաստով անպատվաբեր է»,- ասաց Ժուռնալիստների միության նախագահը։
Հետհեղափոխական շրջանում ԶԼՄ-ների դերը հետևողականորեն նվազեցվում է, և փորձ է արվում նրանց դուրս մղել տեղեկատվական դաշտից։ Այս կարծիքին է «Քառյակ մեդիայի» ներկայացուցիչ Լիլիթ Թումանյանը։
«Քաղաքական գործիչներն սկսեցին ակտիվորեն կիրառել ֆեյսբուքյան էջերից «լայվերի» և գրառումների պրակտիկան։ Աստիճանաբար դուրս մղելով քաղաքացու հետ հաղորդակցվելու պրոցեսից ԶԼՄ-ներին՝ քաղաքական գործիչները տեղեկատվություն ստանալու պրոցեսը վերածեցին քարոզչության, քանի որ «լայվը» միակողմանի կոմունիկացիա է»,- ընդգծեց Լիլիթ Թումանյանը։
Քննարկման նախաձեռնողները և մասնակիցները ԶԼՄ-ների պաշտպանվածության համար օրենսդրական նոր կարգավորումների անհրաժեշտություն են տեսնում, իսկ հայաստանյան մամուլի խնդիրների թեմայով քննարկումները լինելու են շարունակական։










