Գրագողության դեպքում և՛ ամբիոնը, և՛ հայցորդը, և՛ գիտական ղեկավարը պետք է կրեն պատասխանատվություն. Սմբատ Գոգյան (տեսանյութ)

18:52 • 15.02.19

ԲՈԿ-ում հիմա կա ատենախոսություն, որի ցանկացած պարբերություն կարելի է ուրիշ աղբյուրի ինչ-որ պարբերությունից վերաշարադրված մտքի մոտավոր վերարտադրություն համարել. այս մասին ԵՊՀ-ում գրագողության դեմ պայքարի թեմայով քննարկման ժամանակ ասաց բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը:

«Հիմա դա գրագողությո՞ւն է, թե՞ ոչ, իմ համոզմունքով՝ այո, բայց դա ֆիքսված չէ, որովհետև բառացի թարգմանություն կամ մեջբերում չի: Ուղղակի ինչ-որ սահմանումով չի կարելի դա համարել գրագողություն: Գրագողություն է դա, թե ոչ, պետք է բացահայտի մասնագիտական խորհուրդը,  բայց եթե մասնագիտական խորհուրդը թերանում է, ես դա ԲՈԿ-ի թերացումն եմ նաև համարում: ԲՈԿ-ը պետք է ունենա գործիք, որ դրա դեմ պայքարի»,- ասաց Գոգյանը:

Նա որպես օրինակ նշեց Հովհաննես Թումանյանի հայտնի բանաստեղծությունից մեկ տող` «ժամանակին կատուն ճոն էր, շունն էլ գլխին գդակ չուներ և ասաց. «Հիմա պատկերացրեք` կարդում եք բանաստեղծություն` «ժամանակին կատուն ճոն էր, ձուկն էլ գլխին թեփուկ չուներ, ու այդ ոճով ամբողջ բանաստեղծությունը գնա, կստացվի որ դա նո՞ր բանաստեղծություն է, թե՞ ոչ, արտագրություն չի, բառացի թարգմանություն չի:  Դրա համար մեզ պետք է ունենալ հստակ չափանիշներ և ունենալ ինչ-որ հստակ գնահատելու ձևեր, որպեսզի կարողանանք այդ ամեն ինչին տալ գնահատական»,- ասաց Գոգյանը:  

Նա նշեց, որ կցանկանար աշխատանքի ավարտին ձևավորվի աշխատանքային խումբ, որը գրագողության կանխարգելման հետևանքի և պատժի չափանիշներ մտածի: «Օրինակ՝ մեր կողմից ատենախոսությունը մերժվում է  գրագողության հիմքի վրա և այդ ասպիրանտի գիտական ղեկավարը հաջորդ օրը նշանակվում է ուրիշ ասպիրանտի գիտական ղեկավար: Այսինքն՝ փակ ցիկլ ունենք, որ գրագողությունից տուժում է միայն հայցորդը: Ինձ թվում է` շատերը պետք է դրա հետ համաձայնեն, եթե կա գրագողություն, մեղավորը ոչ միայն հայցորդն է, այլ նաև գիտական ղեկավարը, մեղավոր են նաև այն գիտական թեմաները, որոնցով թեմաները հաստատվում են:  Ես կողմնակից եմ, որ գրագողության դեպքում և՛ ամբիոնը, և՛ հայցորդը, և՛ գիտական ղեկավարը կրեն որոշակի պատասխանատվություն` ընդհուպ մինչև գիտական թեմաներից դուրս մնալու վտանգը, որպեսզի մենք կարողանանք կանխել  դա»,- եզրափակեց նա:





Ամալյա Առաքելյան