Բուհի ռեկտորները պետք է բարձր աշխատավարձ ստանան, եթե ցանկանում ենք նպաստել ոլորտի զարգացմանն ու փոփոխությանը․ Հովհաննես Հովհաննիսյան (տեսանյութ)

21:53 • 15.02.19

Փետրվարի 8-ին ԱԺ Գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Tert.am-ը զրուցել է պատգամավորի հետ, ով պատմել է, թե կրթական ոլորտին առնչվող որ հարցերն են ընդգրկվել մշտական հանձնաժողովի օրակարգում։

- Պարո՛ն Հովհաննիսյան, Ազգային ժողովի Գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում կրթության ոլորտին վերաբերող ի՞նչ հրատապ խնդիրներ կան, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն։

- Ես հայտարարել եմ մի նախագծի մասին, որն արդեն ներկայացրել եմ ներքին քննարկման, որը հետո կդրվի հանրային քննարկման։ Այն վերաբերում է կուրսային, դիպլոմային աշխատանքների գովազդին, որը որոշակի մասով կկանխի գրագողությունը, բայց միայն որոշակի իմաստով, որովհետև այդ խնդրի լուծումը պատկերացնում եմ էլեկտրոնային գործիքների կիրառմամբ։ Մեր օրակարգում բազմաթիվ են հարցերը լինելու՝ սկսած «Նախադպրոցական կրթության մասին» նոր օրենքի ընդունումից, որի մասին ես խոսել եմ ԱԺ-ի իմ անդրանիկ ելույթում։

Նախադպրոցական կրթության ոլորտում չկարգավորված շատ խնդիրներ կան։ Ժամանակին մեր հետազոտական կենտրոնը արել է հետազոտություն, և բացահայտել ենք այդ խնդիրները։ Այդ հետազոտական հենքի վրա ենք նաև առաջարկում այդ փոփոխությունները։ Օրինակ՝ բազմաթիվ են այն կազմակերպությունները,  տարատեսակ բիզնեսներ, ՍՊԸ-ները կամ ԱՁ-ները, որոնք զբաղվում են նախադպրոցական կրթությամբ։ Դրանք չեն ենթարկվում լիցենզավորման, նախարարությունը չունի որևէ վերահսկողություն դրանց նկատմամբ, և այդ դաշտի կարգավորումը բավականին կարևոր է, որովհետև գործ ունենք երեխաների առողջության, դաստիարակության, կրթության հետ։ Հանրակրթության ոլորտում անելիքները բազմաթիվ են։ Միջին մասնագիտականում մենք նորից բավականին մեծ անելիքներ ունենք։ Վերջերս շատ է շեշտվում այդ ոլորտի կարևորությունը, վարչապետն այսօրվա նիստում էլ մի քանի անգամ շեշտեց, նաև ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ շեշտվեց միջին մասնագիտական կրթության կարևորությունը, որովհետև դա ուղղակիորեն կապված է աշխատաշուկայի հետ։ Կոնցեպտուալ և մեծ փոփոխություն սպասում ենք «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքով, որը, ինչպես գիտենք, լրամշակվում է և ներառելու է նաև գիտատեխնիկական ոլորտը. «Բարձրագույն կրթության և գիտատեխնիկական գործունեության մասին» նոր օրենքը կբերվի քննարկման։ Բարձրագույն կրթության ոլորտում մենք լուրջ անելիքներ ունենք, պետք է լինեն հանրային լսումներ, քննարկումներ, քանի որ կոնցեպտուալ փոփոխություններ են առաջարկվում այդ ոլորտում։

- Հայտնի է՝ կրթությունը Հայաստանում հիմնված է տեսական ուսուցման վրա։ Բուհն ավարտած ուսանողը աշխատանք փնտրելիս լուրջ խնդիրների առաջ է կանգնում: Ձեր կարծիքով՝ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ խնդրի լուծման համար։

- Ես համաձայն եմ Ձեզ հետ, բայց կրթությունը տեսական է ոչ բոլոր մասնագիտությունների դեպքում։ Կան մասնագիտություններ, որոնց պարագայում ուղղակիորեն հնարավոր չէ միայն տեսական գիտելիքներով ապահովել մասնագետներին։ Օրինակ՝ հնագիտությունը, ազգագրությունը։ Ուսանողը պարտադիր պետք է գնա դաշտ, հետազոտություններ կատարի։ Բայց, ընդհանուր առմամբ ունենք նմանատիպ խնդիր։

Ես, օրինակ, մի քանի հոգաբարձուների խորհրդի անդամ եմ եղել ի պաշտոնե, և մենք քննարկում էին՝ ինչպես անել, որպեսզի կապենք մասնագիտությունը տվյալ ոլորտի բիզնեսների հետ, այսինքն՝ մենք շահագրգիռ անձանց, ովքեր բողոքում են, որ մասնագետ չկա, մասնագետ չի գալիս, ասում ենք՝ «խնդրում ենք, արի՛, մասնակցի՛ր տվյալ ոլորտի մասնագետների պատրաստման գործին։ Բե՛ր քո գիտելիքները, փորձը»։ Այս ձևով է հնարավոր լուծել խնդիրը, այսինքն՝ բիզնեսը պետք է հստակ գա դեպի կրթություն։ Այլ պարագայում մենք ունենալու ենք նույն ցիկլը՝ ունենալու ենք տեսական գիտելիքներ, բայց չենք ունենալու գործնական փորձառություն։  

- «Հայ եկեղեցու պատմություն» առարկան վերջերս քննարկման առիթ դարձավ: Դասավանդվո՞ւմ է առարկան, թե՞ վերածվում է քարոզչության, կա՞ վերահսկող մեխանիզմ՝ հաշվի առնելով Սահմանադրությամբ սահմանված մտքի, խղճի և կրոնական դավանանքի ազատությունը:

- Ես մասնագիտությամբ կրոնագետ եմ և տարիներ առաջ արել եմ հետազոտություն՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերի բովանդակային վերլուծություն։ Այս առումով անընդհատ առնչվել եմ տարբեր հարցերի։ Ես կարծում եմ, որ էստեղ կա բովանդակության մասով խնդիր։ Մենք պետք է լայն աշխարհայացքով և քննական մտածողությամբ սերունդ դաստիարակենք։ Քննական մտածողություն ունեցող սերունդը պետք է ունենա գիտելիքներ տարբեր ոլորտներից, պետք է իմանա տարբեր կրոնների, տարբեր ազգերի, մշակույթների, ավանդույթների մասին։

Մենք այսօր որոշակի սահմանափակում ենք։ Օրինակ՝ եթե բացեք 7-րդ դասարանի դասագիրքը, կտեսնեք, որ մեկ դաս վերաբերում է հեթանոսությանը, մեկը՝ իսլամին, մյուսը՝ բուդդայականությանը, բայց այս ամենը «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի շրջանակում է։ Հիմա ուղղակի հարց տանք՝ ի՞նչ կապ ունի իսլամը «Հայ եկեղեցու պատմության» հետ։ Որևէ կապ չունի։ Այստեղ կարևոր է դիվերսիֆիկացումը։ Կարելի է նույն առարկայի կողքին ունենալ կրոնների պատմություն առարկա և տալ ընտրության հնարավորություն։

Ես վստահ եմ, որ շատ երկրներում հենց այդպես էլ արել են։ Հարցը բավականին վիճահարույց է, քանի որ առնչվում է կրոնական զգացմունքներին․ աթեիստներ, հումանիստներ կան, տարբեր դավանանքներին պատկանող մարդիկ կան, և միշտ այս բախումը տեղի է ունենում։ Որպեսզի այդ հարցը մեկընդմիշտ լուծվի, տալիս ես ընտրության հնարավորություն, և մարդիկ ընտրում են այն առարկան, որոնք իրենք են ուզում անցնել։ Դա միջազգային ընդունված փորձ է, ինչ-որ հակազգային բան չէ։ Գիտեք, շատ ծայրահեղական են մոտեցումները։ Երբ այս թեմայով որևէ բան ես ասում, դու կա՛մ Հայ եկեղեցու թշնամի ես, կա՛մ Հայ եկեղեցու հավատավոր։ Միջին գիծ գոյություն չունի։ Այս տեսակետից բավականին բարդ է թեմայի մասին խոսելը։ Թեմայի մասին պետք է խոսել հանգիստ, զուսպ, և ադեկվատ, մասնագիտական գիտելիքներ ունեցող մարդկանցով հավաքվել, քննարկել, գտնել լուծումը քննական մտածողության սերմանման համար։ Կառավարության ծրագրում հենց հատուկ շեշտված է քննական մտածողությունը, որ ուսանողը ինքը քննի, հասկանա, ոչ թե դոգմատիկ գաղափարներ ներդրվեն նրա ուղեղի մեջ։ Կարելի է ստեղծել մասնագիտական խումբ, որի միտումը կա նախարարությունում, այդ խմբի մեջ կարող են լինել հոգևորականներ, տարբեր մասնագետներ, հավաքվեն, քննարկեն և գան որոշակի կոնսենսուսի՝ ինչպես անել, որ լավ պայմաններ լինեն մեր աշակերտների կրթության և զարգացման համար։

- Կառավարության 5-ամյա ծրագրի ավարտից հետո Հայաստանը կրթական ոլորտում ի՞նչ արդյունքներ գրանցած կլինի՝ ըստ Ձեզ։

- Այս թեմաների մասին ես արդեն նշեցի՝ բարձրագույն կրթական ոլորտ, միջին մասնագիտական ոլորտ և այլն։ Ես այստեղ կցանկանայի խոսել այլ հարցերի մասին, որոնք հաջորդ ամիսների ընթացքում հաջողվեց լուծել։ Գլխավոր հարցը, որ լուծվեց, դպրոցների ապաքաղաքականացման հարցն էր։ Ուսուցչին չէր պարտադրվում ձայն բերել որևէ թեկնածուի օգտին։ Հետագայում այդ ուսուցիչը չի կարող տալ կրթություն։

Այսօր ուսուցիչն ազատ է։ Այսօր ուսուցիչը կարող է ազատ քննադատել նախարարին։ Ես փոխնախարար էի, և ուսանողներն ինձ ազատ քննադատում էին, և ես ուրախ էի դրա համար։ Այսօր որոշ մարդիկ նաև շարունակում են ասել, որ բուհերը քաղաքականացված են։ Ոչ, բուհական խորհուրդներում քաղաքականությունը տեղ չունի։ Բացեք բուհական խորհուրդների կազմերը ու կտեսնեք, որ բուհեր կան, որ «Հանրապետական» կուսակցության անդամներն ավելի շատ են։ Ոչ թե նայել են, թե այս մարդը որ կուսակցության անդամ է, այլ նայել են, որ այս մարդը պրոֆեսիոնալ է։ Երեկ խորհրդարանում Էդմոն Մարուքյանը հանիրավի մեղադրեց ԿԳ նախարարին Ագրարային համալսարանի ռեկտորի հետ մտերմության համար։ Նախարարը և ես չենք ճանաչել Ագրարային համալսարանի ռեկտորին մինչև ընտրություն։

Ի դեպ, նրա աշխատավարձը բուհերի ռեկտորների մեջ ամենացածր աշխատավարձերից մեկն է։ Բարձրացվում է 800 հազարի հարցը, բայց դա կեղտոտ աշխատավարձն է, մաքուր աշխատավարձը 500 հազարից չի անցնում։ Եվ դա ամենացածր աշխատավարձերից մեկն է բուհերի ռեկտորների մեջ։ Մենք ունենք բուհի ռեկտոր, որ 2 մլն աշխատավարձ է ստանում։ Ես կարծում եմ, որ բուհի ռեկտորները պետք է բարձր աշխատավարձ ստանան, եթե մենք ուզում ենք ռեալ պրոֆեսիոնալների ներգրավվել այս ոլորտում և նպաստել ոլորտի զարգացմանն ու փոփոխությանը։