Ուսանողներն ուսման վարձը կկարողանան վճարել ամսական կտրվածքով. Կառավարությունը չի առարկում

17:37 • 15.02.19

Կառավարությունը դրական եզրակացություն է տվել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով սահմանվում է, որ վճարովի հիմունքներով սովորող ուսանողները հնարավորություն են ստանում ուսման վարձը վճարել ամեն ամիս կամ եռամսյակներով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ կառավարությունն առարկություն չունի նախագծի վերաբերյալ:

«Միաժամանակ հարկ է նշել, որ ներկայումս վերանայման ու լրամշակման փուլում է գտնվում «Բարձրագույն կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որում նախատեսված են կանոնակարգող դրույթներ՝ բուհերի ֆինանսավորման ու ուսանողներին պետության կողմից կրթաթոշակների տրամադրման նոր սկզբունքների և մեխանիզմների մասով, ինչպես նաև կարիքավոր ուսանողներին, սոցիալական անապահովության չափանիշների ու առաջադիմության արդյունքների համակցմամբ, ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ կրթաթոշակների տրամադրման վերաբերյալ»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախագիծը կներկայացվի Ազգային ժողով: