Փարիզի մետրոյում անհայտ անձը ծծմբաթթու է լցրել ուղևորներից մեկի վրա ու փախուստի դիմել

16:41 • 15.02.19

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի մետրոպոլիտենի առաջին գծում անհայտ անձը հարձակում է գործել ուղևորներից մեկի վրա՝ ծծմբաթթու լցնելով նրա վրա, գրում է connexionfrance.com կայքը:

Դեպքը տեղի է ունեցել Բաստիյ և Գար դե Լիոն կայարանների միջև: Տուժածը երիտասարդ է, նա ծանր այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել, իսկ ծծմբաթթուն ուղարկվել է լաբորատորիա՝ փորձաքննության:

Հարձակում կատարած անձը փախուստի է դիմել: Դեպքի մանրամասները պարզելու համար հետաքննություն է սկսվել:

Օրերս Փարիզի մետրոյում նմանատիպ մեկ այլ դեպք էր տեղի ունեցել. «անհայտ հեղուկով» հարձակման հետևանքով երկու մարդ էր տուժել: Ոստիկանության տվյալներով՝ երկու միջադեպերի միջև որևէ կապ չկա: