Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները համաձայնել են հանդիպել փոխվարչապետ Ավինյանի հետ. խոսնակ
Կառավարությունից Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներին առաջարկել են այսօր երեկոյան հանդիպել: Աշխատակիցները սկզբում մերժել են, բայց ավելի ուշ համաձայնել են հանդիպել: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Քանի որ առավոտյան կառավարության նիստ էր, այնուհետև մինչև երեկոյան ժամը 7-ը կոմիտեների նիստ պետք է ընթանար, որը նույնպես պարոն Ավինյանն է վարում, մենք առաջարկել էինք երեկոյան ժամը 7-ին գալ և քննարկել, ինչն իրենք մերժեցին: Սակայն մի քանի ժամ անց տեղեկացրին, որ համաձայն են գալ և քննարկել հարցը»,-մանրամասնեց Հունանյանը:
Նշենք նաև, որ ոստիկանության լրատվական ծառայությունից Tert.am-ին տեղեկացրին, որ Երևան - Թբիլիսի երկաթգծին հարող ճանապարհը դեռ փակ է, բանակցությունները շարունակվում են:
Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները դեռ փետրվարի 8-ին նամակ էին գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ զուգահեռ կազմակերպելով նաև ստորագրահավաք: Նամակում մասնավորապես նշել էին, որ Ալավերդիում չկա այլընտրանք, իսկ անորոշությունը ստիպում է մարդկանց արտագաղթել երկրից: Նրանք ցանկանում են, որպեսզի պղնձաձուլարանը հնարավորինս արագ վերագործարկվի:
Աննա Կոստանյան










