Էրդողանի կուսակցության առաջադրած քաղաքապետի թեկնածուն դատի է տվել ընդդիմության առաջնորդին ու շահած գումարով շաուրմա հյուրասիրել անկարացիներին
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջադրած Անկարայի քաղաքապետի թեկնածուն՝ Մեհմեդ Օզհասեկին, դատի է տվել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին և ստացած բարոյական փոխհատուցման գումարով շաուրմա գնել ու բաժանել ժողովրդին:
Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, Օզհասեկին դատարանի որոշմամբ 27 000 թուրքական լիրա փոխհատուցում է ստացել Քըլըչդարօղլուից, ամբողջ գումարը նա ծախսել է Անկարայի բնակիչներին գառան մսով շաուրմա հյուրասիրելու համար:
Ընդդիմության առաջնորդ Քըլըչդարօղլուն մեղադրել էր իշխող կուսակցության թեկնածուին Կայսերիի քաղաքապետ եղած ժամանակ խոշոր կոռուպցիոն գործողություններ իրականացնելու համար: Օզհասեկին դատի էր տվել ընդդիմադիր գործչին՝ պահանջելով ապացուցել մեղադրանքները:
Նշենք, որ ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում նախատեսված են այս տարվա մարտի 31-ին:
Ավելի վաղ Քեմալ Քըլըչդարօղլուն պատմել էր, որ տարբեր դատական որոշումներով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բարոյական փոխհատուցումներ վճարելու պատճառով վաճառել է իր տունը և պարտքեր կուտակել:











