ԱՄՆ Կոնգրեսը Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումն ու Էրդողանի թիկնապահներին զենք վաճառելն արգելող օրինագիծ է ընդունել

18:41 • 15.02.19

ԱՄՆ Կոնգրեսը հետագա ծախսերի մասին օրինագիծ է ընդունել, որը ներառում է Թուրքիային վերաբերող երկու դրույթ, որոնք հավանության են արժանացել Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի կողմից: Այս մասին հաղորդվում է հանձնախմբի ֆեյբուքյան էջում:

Դրանցից մեկն արգելում է զենքի վաճառքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցներին, քանի դեռ պետքարտուղար Մայք Պոմպեոն Կոնգրեսին չի զեկուցել, որ 2017-ի մայիսին հայ և ամերիկացի ցուցարարներին դաժան ծեծի ենթարկած անձինք պատասխանատվության են ենթարկվել:

Երկրորդ դրույթն արգելում է ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային, քանի դեռ պաշտպանության նախարարությունը չի ներկայացրել համապատասխան զեկույցը Անկարայի կողմից ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի գնման հետևանքների մասին:

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը ողջունել է օրինագծի ընդունումը: Ներկայում այն ներկայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: