«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի գլխավոր խմբագիրը նոր մեղադրանք է հնչեցրել Ալեքսանդր Դրուզի հասցեին
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստահաղորդման ռուսական տարբերակի գլխավոր խմբագիր Իլյա Բերը նոր մեղադրանք է առաջադրել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի մագիստրոս Ալեքսանդր Դրուզին:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Բերի խոսքով՝ խաղային «մրցավեճում» գիտակի համբավն այնքան էլ լավը չէ: «Ես այդ պայքարում հայտնվել եմ մոտ 20 տարի առաջ և դեռ այն ժամանակ նման մի բան էի լսել. «Ահա Դրուզը, կասկած կա խաղերում նրա հաղթանակների ազնվության հարցում»: Դրանք միայն խոսակցություններ են, բայց այնուամենայնիվ»,- պարզաբանել է Բերը:
Նա ընդգծել է, որ նման միջադեպերից մեկի մասին ինքը տեղյակ է «հաստատապես»:
«Դեռևս պատրաստ չեմ, չեմ կարող բացահայտել այն: Թեև ապացույց ունեմ ձեռքիս», - հավելել է Բերը:
Հիշեցնենք, որ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հայտնի հեռուստահաղորդման ռուսական տարբերակի գլխավոր խմբագիր Իլյա Բերը մեղադրել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» նախագծի հայտնի գիտակ Ալեքսանդր Դրուզին խարդախության ու խաղը «գնելու» փորձի համար:
Բերը պատմել է, որ 2018 թվականի նոյեմբերին Դրուզը մասնակցել է հաղորդման նկարահանմանը: Նկարահանումներից առաջ, ըստ Բերի, Դրուզն առաջարկել է հեռուստածրագրի գլխավոր խմբագրին բացահայտել հարցերի ցուցակն ու դրանց պատասխանները՝ փոխարենը խոստանալով 3 մլն ռուբլի շահումի մի մասը:










