«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ֆինանսավորմամբ կիրականացվի Արարատի մանկապարտեզի կապիտալ վերանորոգման ու բարեկարգման ծրագիրը
Փետրվարի 14-ին Արարատ քաղաքի մանկապարտեզում տրամադրությունը տոնական էր: Առիթը՝ մանկապարտեզի կապիտալ վերանորոգման ծրագրի մեկնարկն էր, որն իրականացնում է հանքարդյունաբերական միջազգային «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը:
Տյառնընդառաջ տոնը խորհրդանշող խարույկով ու ազգային պարով մանկապարտեզի սաները դիմավորեցին հյուրերին, որոնց թվում էին «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության տնօրեն Անատոլի Գոգոտինը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը:
Դեռ 2018-ին «ԳեոՊրոՄայնինգը» կատարել է մանկապարտեզի երկու մասնաշենքի վերանորոգումը, որը շահագործման է հանձնվել հունիսի 1-ին: Հենց այդ ժամանակ էլ ընկերության ղեկավարությունը որոշել է հանձն առնել ամբողջ մանկապարտեզի կապիտալ վերանորոգման աշխատանքները: Կապիտալ վերանորոգման համար ընկերությունը ներդնելու է ավելի քան 250 հազար դոլար:

«Ի թիվս սոցիալական այլ ծրագրերի` «ԳեոՊրոՄայնինգը» առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում երեխաների դաստիարակության և կրթության ծրագրերին, որոնց շահառուներն են ոչ միայն ընկերությունների խմբի աշխատակիցների երեխաները, այլև տվյալ համայնքի բնակիչների երեխաները, որտեղ մենք իրականացնում ենք մեր գործունեությունը: Առողջ, կրթված և առավելագույնս կյանքին նախապատրաստված երիտասարդ սերունդ ունենալը մեր ընկերության սոցիալական ծրագրերի առաջնահերթություններից է: Արարատի մարզում իրականացվող սոցիալական ծրագրերի շուրջ սա մեր համագործակցության սկիզբն է միայն: Մեր ընկերությունն այսքանով չի սահմանափակվի և կշարունակի ավելի ընդլայնել իր սոցիալական գործունեության շրջանակը»,-նշեց «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության տնօրեն Անատոլի Գոգոտինը:
Բարեկարգ, լուսավոր ու հարմարավետ սենյակներով, գեղեցիկ կահավորված մասնաշենքերում շրջելուց ու կատարված աշխատանքներին ծանոթանալուց հետո, ընկերության տնօրենն ու մարզային իշխանության ներկայացուցիչները շրջեցին նաև վերանորոգման իրենց հերթին սպասող ու խիստ անբարեկարգ վիճակում գտնվող մասնաշենքերում, որտեղ մեկնարկել են համապատասխան շինաշխատանքները:






Հաջորդիվ՝ օրվա պաշտոնական հատվածն էր: «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության տնօրենն ու Արարատի քաղաքապետը ստորագրեցին կապիտալ վերանորոգման ծրագիրը նախատեսող համաձայնագիրը: Նախագծի շրջանակում «ԳեոՊրոՄայնինգը» պարտավորվում է վերակառուցման և բարեկարգման աշխատանքներն ավարտել 2 տարում: Բացի այդ, նշված ժամանակահատվածում մանկապարտեզին կտրամադրի կահույք և այլ անհրաժեշտ սարքավորումներ: Նախագիծը ներառում է տանիքի, կոմունիկացիոն հանգույցների նորոգում, ներքին հարդարանք, ինչպես նաև բակային տարածքի և սպորտային հրապարակի բարեկարգում:
Լրատվամիջոցների հետ զրույցում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կարևորեց բարեկարգ պայմաններում երեխաների նախադպրոցական կրթության կազմակերպումն ու այդ ուղղությամբ տարվող համագործակցությունը խոշորագույն ընկերության հետ: Նրա խոսքով, մարզպետարանը որդեգրել է քաղաքականություն, որ մինչև 2023 թվականը գործընկերների աջակցությամբ համայնքի բոլոր մանկապարտեզները բարեկարգվեն ու վերացվեն այսօր առկա տարրական խնդիրները:
«Այդ տեսանկյունից այն կազմակերպությունները, որոնք մարզերում գործունեություն են ծավալում, իրենց մասով ունեն որոշակի պարտավորություն: «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության կողմից պատրաստակամությունը նոր չէ: Դա շարունակական ծրագիր է, որն իրականացվել է թե՛ նախորդ 7 տարիների ընթացքում, թե՛ այսօր է շարունակվում: Համայնքի խնդիրները լավ իմանալով՝ մեր գործընկերներին առաջարկում ենք իրենց սոցիալական ծրագրերն ուղղել կոնկրետ մանկապարտեզներին ու դպրոցներին: Անցյալ տարի այս մանկապարտեզի երկու մասնաշենք է վերանորոգվել, բայց հասկացել ենք, որ միայն դրանով խնդիրը չի լուծվում, քանի որ Զոդ Բանավանում մենք ունենք ավելի շատ երեխաներ, որոնք ուզում են հաճախել մանկապարտեզ, բայց անհրաժեշտ տարրական պայմանների բացակայության պատճառով դժվարություններ են առաջանում, ուստի այս առումով կարևորում ենք «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության պատրաստակամությունն՝ ի դեմս նախագահ Ռոման Խուդոլիին»,-ասաց Գարիկ Սարգսյանը:
Վերակառուցման աշխատանքների ավարտից հետո մանկապարտեզն իր դռները կբացի նախադպրոցական տարիքի ավելի քան 200 սաների առջև: Երեխաների ու նրանց ծնողների հետ մեծապես ոգևորված էր նաև մանկապարտեզի տնօրենը: Անկեղծանում է՝ բարեկարգ պայմաններում աշխատելն առանձնակի հաճելի է: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել «Գեոպրոմայնինգ» ընկերությանն այս հրաշք մանկապարտեզը մեզ նվիրելու համար և շատ ուրախ եմ, որ համագործակցությունը շարունակվում է: Անցյալ տարի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ստացանք այս մեծ նվերը և այս տարի նորից պատրաստվում ենք ստանալ երեխաների համար ցանկալի նվերը: Իմ բոլոր գործընկերներին հորդորում եմ, որ շարունակեն երազել, որովհետև երազանքները դառնում են իրականություն»,-ասաց Կարինե Աբրահամյանը:


Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանն էլ նշեց, որ համայնքում ներկայումս գործում է երեք մանկապարտեզ, որոնք վերջին անգամ վերանորոգվել են խորհրդային միության տարիներին: «Իմ պաշտոնավարման ընթացում այդ մանկապարտեզներում ամեն տարի որոշակի գումարներ են ներդրվել մասնակի վերանորոգումներ անելու համար, առաջին հերթին խոհանոցների ու սանհանգույցների բարեկարգման ուղղությամբ, բայց տարիներ են ձգվում մանր գումարներ դնելով, որովհետև մեր բյուջեի սուղ հնարավորությունները թույլ չեն տալիս միանգամից մի մանկապարտեզը վերանորոգել, հետո անցնել հաջորդին: Այդ առումով մեզ մեծ օգնություն է ցույց տալիս «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը, որը համագործակցում է քաղաքապետարանի հետ և ընդառաջում մեր ցանկացած խնդրանքին: Այս ծրագրով առաջին մանկապարտեզի հարցը կհամարենք ամբողջովին լուծված: Դրանից հետո տնօրենը խոստացել է անցնել նաև Արարատ քաղաքի հաջորդ մանկապարտեզների վերանորոգմանը»,-ասաց քաղաքապետը:
Տոնական տրամադրությունը շարունակվեց մանկապարտեզի դահլիճում, որտեղ երեխաներին հյուրընկալեցին հայտնի մուլտհերոսները՝ ապահովելով դրական լիցքեր ու ժպիտներ:



Ի դեպ, նշենք, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը ՀՀ տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 505 մլն. ԱՄՆ դոլար: Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 11 տարիների ընթացքում գերազանցում են 8,5 մլն. ԱՄՆ դոլարը:










