Կանադայում գողերն ավելի քան 9 000 դոլարի մաքուր սառցաջուր են գողացել
Կանադայի ոստիկանությունը զբաղվում է գողության ուշագրավ դեպքի բացահայտմամբ, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ խոսքը Նյուֆաունդլենդից 30 000 լ մաքրամաքուր սառցաջրի անհետացման մասին է:
Սառցաջուրը նախատեսված էր օղու արտադրության համար: Անհայտ անձինք այն գողացել են պահեստից:
Ոստիկանության փոխանցմամբ՝ գողացված ջրի գինը 9 000-12 000 դոլար է:
Աղբյուրը նկատում է, որ սառցաջուրը բարձր է գնահատվում իր մաքրության համար ու օգտագործվում է պրեմիում դասի ոգելից խմիչքների, կոսմետիկ պարագաների արտադրության համար: Մինչդեռ որպես շշալցված խմելու ջուր այն վաճառվում է մի քանի հարյուր դոլարով:
Դարեր շարունակ սառցաբեկորները հավաքվել են՝ դրանցից բարձրորակ մաքուր ջուր ստանալու նպատակով: Դա շատ բարդ ու վտանգավոր գործընթաց է, որը կապված է մեծ ծախսերի հետ: Այդ իսկ պատճառով էլ սառցաջուրն այդքան թանկ է:
Սառցաբեկորների հավաքման սեզոնը սկսվում է ուշ գարնանը, երբ դրանք անցնում են կանադական Նյուֆաունդլենդի ափերով:










