Նեթանյահուն ինքնաթիռի վթարի պատճառով չի կարողացել մեկնել Վարշավայից

15:37 • 15.02.19

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի օդանավակայանում իր ինքնաթիռի վնասման պատճառով չի կարողացել գիշերը հայրենիք վերադառնալ և սպասում է պահեստային ինքնաթիռի ժամանմանը, հաղորդում է The Times of Israel պարբերականը:

Վարչապետին ուղեկցող լրագրողների վկայությամբ՝ մեկնումը հետաձգվել է ինքնաթիռի վթարի պատճառով. օդ բարձրանալուց առաջ մեկ այլ տրանսպորտային միջոց բախվել է Նեթանյահուին տեղափոխող ինքնաթիռին՝ վնասելով այն, իսկ վարչապետը վերադարձել է հյուրանոց:

Հիշեցնենք, որ Նեթանյահուն գտնվում էր Լեհաստանի մայրաքաղաքում՝ մասնակցելու երեկ ԱՄՆ-ի կողմից կազմակերպված համաժողովի անցկացմանը, որի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքին վերաբերող հարցեր: