ԱՄՆ պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին հնարավորինս խուսափել Թուրքիա մեկնելուց
ԱՄՆ պետքարտուղարությունը զգուշացրել է իր քաղաքացիներին վերանայել Թուրքիա մեկնելու իրենց ծրագրերը և խորհուրդ տվել հնարավորության դեպքում խուսափել այդ ճամփորդություններից, այս մասին տեղեկանում ենք «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայությունից:
Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել հատկապես հեռու մնալ Թուրքիայի՝ Սիրիային և Իրաքին սահմանամերձ նահանգներից, որտեղ ահաբեկչական հարձակումների վտանգը շարունակում է բարձր մնալ:
Թուրքիայի խոշոր քաղաքներում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվել հեռու մնալ մարդաշատ ժամանցի վայրերից, օդանավակայաններից ու զբոսաշրջային տարածքներից, որտեղ մարդկանց կուտակումներ են լինում: Ամերիկացիներին խորհուրդ են տվել նաև հնարավորության դեպքում խուսափել օգտվել հասարակական տրանսպորտից:
Հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական Բաթման, Բինգյոլ, Դիարբեքիր, Մարդին, Այնթապ, Հաթայ, Բիթլիս, Դիարբեքիր, Շըրնաք, Վան և Դերսիմ նահանգներում արտակարգ իրավիճակի դեպքում համապատասխան ծառայությունների դիմելու հարցում օտարերկրյա քաղաքացիները կարող են խնդիրներ ունենալ:
Նշվում է նաև, որ Թուրքիայի անվտանգության աշխատակիցները վերջին շրջանում ձերբակալել են տասնյակ հազարավոր մարդկանց, որոնց թվում կան նաև ԱՄՆ քաղաքացիներ:










