ԱՄՆ-ում բանկը կողոպտած տղամարդը փախուստի պահին սայթաքել է և ձերբակալվել

04:44 • 15.02.19

ԱՄՆ-ում զինված մարդը կողոպտել է բանկը և փախուստի դիմել, սակայն ճանապարհին հենց ոստիկանի աչքի առջև սայթաքել է և ձերբակալվել: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով Portland Press Herald պարբերականին:

Աղբյուրի հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ Ուոտերվիլ քաղաքում: Բանկը հաջողությամբ կողոպտելուց հետո 37-ամյա Ջեյսոն Մակենրոդտը դուրս է եկել շենքից և մտել Ming Lee ռեստորանի ավտոկայանատեղի: Այնտեղ էլ կողոպտիչը սայթաքել է և ընկել գետնին, ինչի հետևանքով գողոնն ամբողջությամբ թափվել է: Դա նկատել է այդ պահին իր մեքենան կայանող ոստիկանության լեյտենանտ Գլեն Լանգը:

«Երբ նա սայթաքել է, նրա գրպանից ողջ գումարը թափվել է, նաև նրա մոտ եղած զենք, ինչը դեպքից անտեղյակ լեյտենանտին կասկածելի է թվացել»,- պատմել է տեղի ոստիկանության պետ Ջոզեֆ Մասսին: Նրա խոսքով` լեյտենանտն արագ է կողմնորոշվել և թողնելով մեքենան` մի քանի վայրկյանում կարողացել է բռնել հանցագործին: Հենց այդ պահին էլ քաղաքի ոստիկանությունը հաղորդել է բանկի կողոպուտի մասին: