Վրաստանը և Հյուսիսային Մակեդոնիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել
Այսօր Մյունխենում Վրաստանը և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն է ստորագրվել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Արձանագրության տակ իրենց ստորագրությունն են դրել երկու երկրների արտգործնախարարներ Դավիդ Զալկալիանին և Նիկոլա Դիմիտրովը:
Վրաստանի արտգործնախարար Զալկալիանին ողջունել է «երկու պետությունների պատմական քայլը»՝ հույս հայտնելով, որ Թբիլիսիի ու Սկոպյեի համատեղ ջանքերը թույլ կտան զարգացնել երկկողմ հարաբերություններն ու փոխշահավետ արդյունքների հասնել:
«Շնորհավորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրության ստորագրման կապակցությամբ: Դա ևս մեկ անգամ ապացուցում է դաշինքի «բաց դռների» քաղաքականությունը և այն փաստը, որ այդ դռները բաց են ՆԱՏՕ-ի արժեքներին ու չափանիշներին համապատասխան բոլոր երկրների առաջ»,- հայտարարել է Զալկալիանին:
Հիշեցնենք, որ Վրաստանի արտգործնախարարը երկրի պատվիրակության կազմում մասնակցում է Մյունխենում կայացող անվտանգության հարցերով 55-րդ համաժողովին:










