Հյուսիսային Մակեդոնիայի ոստիկանությունն ահաբեկչական հարձակումների կանխմանն ուղղված գործողություններ է իրականացնում
Հյուսիսային Մակեդոնիայի ոստիկանությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հավանական հարձակումների կանխմանն ուղղված գործողություններ է իրականացնում, գրում է РИА Новости-ն՝ երկրի ներքին գործերի նախարարությանը հղումով:
«Ներքին գործերի նախարարությունը, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից հավանական հարձակումների առնչությամբ դաշնակից երկրների հետ օպերատիվ տեղեկությունների փոխանակումից հետո, ահաբեկչական հարձակումների հնարավոր կազմակերպիչների, գործակիցների և իրագործողների ինքնությունը բացահայտելու նպատակով օպերատիվ-ռազմավարական միջոցներ է ձեռնարկում»- ասված է հաղորդման մեջ:
Երեկ ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակում էր արել, որով նախազգուշացնում էր Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում երկրի անվանափոխման մասին օրենքի ուժի մեջ մտնլու ֆոնին հավանական ահաբեկչական գործողությունների վտանգի մասին:
Հիշեցնենք, որ օրերս ուժի մեջ է մտել Մակեդոնիայի Հանրապետության անվանափոխության մասին օրենքը, ըստ որի պետությունը վերանվանվել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն:
Եվրոպական պետության պաշտոնական անվանման փոփոխությունը կապված է դրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու երկարատև գործընթացի հետ, որը սկսվել էր դեռևս 2008թ.-ին, երբ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Մակեդոնիայի անդամակցության հրավերն արգելափակվել էր Հունաստանի ներկայացուցչության կողմից։ Արդյունքում դաշինքի անդամ երկրները ընդհանուր համաձայնության էին եկել՝ հայտարարելով, որ Մակեդոնիան կանդամակցի ՆԱՏՕ-ին միայն անվանման վերաբերյալ վեճի կարգավորումից հետ:
Որպես պատճառաբանություն՝ Հունաստանը ներկայացրել էր այն հանգամանքը, որ հարևան երկրի անվանումն արտացոլում է իր կազմի մեջ միավորված և պատմականորեն ամրապնդված Մակեդոնիա երկրամասի վերաբերյալ վերջինիս հավակնությունները:
2018թ.-ի հունիսի 17-ին Մակեդոնիայի և Հունաստանի արտգործնախարարների միջև կնքվել էր պետությունը «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն» վերանվանելու մասին համաձայնագիրը, իսկ 2019թ. հունվարի 11-ին երկրի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն մտցնելու նախագծին:










