Փարիզում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել «դեղին բաճկոնների» հերթական բողոքի ակցիայի ժամանակ

21:09 • 16.02.19

Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին անթև բաճկոններ» շարժման բողոքի ցույցի ագրեսիվ մասնակիցներին ցրելու համար:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, շաբաթ ցերեկը Փարիզում և ֆրանսիական այլ քաղաքներում մեկնարկել է «դեղին բաճկոնների» 14-րդ բողոքի ակցիան: Փարիզյան երթը մեկնարկել է Հաղթանակի կամարի մոտից, անցել է մայրաքաղաքի գլխավոր գետի՝ Սենի մյուս ափը, մոտեցել է Լուվրին և կրկին անցել նախնական ափ:

Այստեղ արդեն ի պատասխան ցուցարարների ագրեսիվ դրսևորումների՝ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել:

Զանգվածային բողոքի ակցիաները Ֆրանսիայում սկսվել են նոյեմբերի 17-ին՝ վառելիքի գինը չբարձրացնելու պահանջով: Թեև կառավարությունը համաձայնել է որոշ միջոցներ ձեռնարկել նրանց գոհացնելու համար, երկրի իշխանությունների սոցիալական քաղաքականությունից դժգոհ ֆրանսիացիները շարունակում են ցույցեր իրականացնել, որոնք երբեմն ուղեկցվում են անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով: