Ֆրանսիայում վրաերթի է ենթարկվել «դեղին բաճկոնների» շարժման մի քանի մասնակից
Ֆրանսիայի Ռուան քաղաքում ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել «դեղին բաճկոնների» շարժման չորս մասնակցի, ինչի հետևանքով վերջիններս վնասվածքներ են ստացել, Life.ru-ի փոխանցմամբ` հաղորդում է BFM TV-ն:
Ավտոմեքենայի վարորդը փախել է դեպքի վայրից, իսկ ավելի ուշ պարզաբանել է, որ վախեցել է, որ հավաքի մասնակիցները կարող են բռնություն գործադրել իր և ընտանիքի անդամների նկատմամբ: Նշվում է, որ ավտոմեքենայում եղել են նաև վարորդի կինն ու երեխան:
Աղբյուրի փոխանցմամբ` բոլոր տուժածներին տեղում օգնություն է ցուցաբերվել. Որից հետո նրանք հոսպիտալացվել են:
Ավելի ուշ, ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանության բաժանմունք և խոստովանական ցուցմունք տվել: Նա նշել է, որ ցուցարարներն իր մեքենայի ուղղությամբ քարեր են նետել, որոշներն էլ բարձրացել են մեքենայի վրա, ինչից հետո ինքը սեղմել է արագության ոտնակը:
Հիշեցնենք, որ «դեղին բաճկոնների» հավաքը ոստիկանները ցրել են` կիրառելով արցունքաբեր գազ:










