Հայիթիում բողոքի ակցիաները չեն դադարում. քաղաքացիները պահանջում են երկրի նախագահի հրաժարականը
Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում շարունակվում են հանրապետության նախագահ Ժովենել Մոիզի դեմ բողոքի ակցիաները: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ` հայտնում է Le Journal de Montreal-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` ցուցարաները մեղադրում են Մոիզին քաղաքացիների սոցիալական վատ կենսպայմանների համար: Նրանք կասկածում են, որ նախագահը վատնում է պետության փողերը:
Ակցիայի մասնակիցները դեմ են նաև ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերություններին, ինչին աջակցում է Մոիզին, և կոչ են արել Ռուսաստանին` աջակցել երկրում ստեղծված ճգնաժամը կարգավորելու հարցում: Ի նշան ԱՄՆ քաղաքականության դեմ բողոքի` ցուցարարներն այրել են ամերիկյան դրոշը:
Հայիթիում բողոքի ցույցերը սկսվել են փետրվարի 7-ից: Այդ ընթացքում առնվազն յոթ մարդ է զոհվել, մի քանի տասնյակը` վիրավորվել, այդ թվում` ակցիաները լուսաբանող լրագրողներից մեկը: Ոստիկանները ցուցարարների նկատմամբ կիրառում են արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ:
Ժովենել Մոիզը հայտարարել է, որ հրաժարական չի տա և պատրաստակամություն է հայտնել երկխոսել դժգոհող քաղաքացիների հետ: Իսկ ԱՄՆ կառավարությունը հորդորել է ամերիկացիներին հրաժարվել Հայիթի մեկնելու գաղափարից:










