Ավշարի դպրոցում այսօր ժողով է եղել, տնօրենն էլ հասկացավ, որ համատեղ աշխատանքը չի ստացվի. դպրոցի փոխտնօրեն

19:07 • 22.03.19

Ավշարի դպրոցի ուսուցիչների դիրքորոշումը չի փոխվել, նրանք չեն պատրաստվում աշխատել նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր ժողով է տեղի ունեցել տնօրենի, ուսուցչական անձնակազմի և տեսչական խմբի միջև: «Տնօրենին ուսուցիչներն ասացին` չի ստացվում մեր համատեղ աշխատանքը: Ինքն էլ, կարծում եմ, համոզվեց, որ համատեղ աշխատանքը պարզապես չի ստացվում, որովհետև ոչ մի ձևով երկխոսություն չի ստացվում»,- ասաց նա:

Սիմոնյանը նշեց, որ լուծման հնարավոր տարբերակներ չեն քննարկել, ամեն ինչ թողել են տնօրենի վրա: «Հիմա ոչ մի որոշում չկա, չգիտենք՝ ինչ կլինի, բայց մեր դիրքորոշումը չի փոխվել, չենք աշխատի տնօրենի հետ»,- ասաց նա:

Նա հավելեց, որ դասապրոցեսը չի վերականգնվել դպրոցում, և որ աշակերտները շարունակում են չհաճախել դպրոց:

Հիշեցնենք, որ մարտի 12-ից Ավշարի միջնակարգ դպրոցում աշակերտները դասադուլ էին սկսել, ծնողների հետ միասին պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Նրանք պնդում են, որ տնօրենին նշանակել են մարզպետի սպառնալիքների ներքո: Մինչ օրս դասերը չեն վերականգնվել:

 

Ամալյա Առաքելյան