Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը վերանվանել հայ-ռուսական գեղասահքի դպրոց. «Լույս» խմբակցության առաջարկը հանգեցրեց թեժ քննարկման

17:00 • 22.03.19

«Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը այսօր ավագանու արտահերթ նիստին ելույթով հանդես եկավ և հիշեցրեց, որ Ռուսաստանի Դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ, գեղասահքի բազմակի չեմպիոն Իրինա Ռոդնինան, ում անունը կրում է Երևանում գործող գեղասահքի մարզադպրոցը, մասնակցել է փետրվարի 26-ին Բաքվում կայացած երթին` նվիրած այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակին:

Նա նշեց, որ տասնակի չեմպիոնը Բաքվում հանկարծ դարձել է «ցեղասպանագետ»` խոսելով «հայերի գործած հանցանքների» մասին, տվել հարցազրույցները: Անի Խաչատրյանը նշեց, որ 2015 թվականից Երևանում գործում է Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը, և վերջին շաբաթների ընթացքում «Լույս» բանակցություններ է իրականացրել և որոշել են գեղասահքի դպրոցը վերանվանել «Հայ-ռուսական գեղասահքի դպրոց»:

«Սա երևանցիների պատվախնդության և արժանապատվության հարցն է»,-ասաց նա և նշեց, որ նախագիծը պատրաստ է, և մյուս խմբակցություններին կոչ արեց միանալ որպես համահեղինակ:

Անի Խաչատրյանը նշեց, որ եթե չլինի համագործակցություն, ապա իրենք կսկսեն ստորագրահավաք, որ առաջիկա երեքշաբի օրը արտահերթ նիստ հրավիրվի: Քաղաքապետ Հայկ Մարությանը հիշեցրեց, որ ընթացակարգով պետք է հավաքի ստորագրությունների մեկ երրորդը:

«Իմ քայլը» խմբակցության ներկայացնուցիչ Հայկ Հովհաննիսյանը, արձագանքելով «Լույս» խմբակցութան այդ առաջարկին, ասաց, որ նախքան ինչ-որ փողոցի, հրապարակի կամ շենքի անուն փոխելը կարելի է հարցը դնել հանրային քննարկման՝ հասկանալու համար՝ ինչ ենք ուզում, ինչի համար և ում անվան ենք ցանկանում անվանափոխել:

Տեղից միջամտեց Անի Խաչատրյանը և հարցրեց, թե մնացած հարցերը ինչո՞ւ չեն քննարկել: «Իսկ դուք ինչո՞ւ չեք քննարկել»,-հակադարձեց Հայկ Հովհաննիսյանը:

«Ձեր կոմունիստական ձևական բաները»,-տեղից շարունակում էր Անի Խաչատրյանը, բայց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը անջատեց իր բարձրախոսը:

«Շուտասելուկի մրցույթի չենք մասնակցում, խնդրում եմ հարգել մեկս մյուսին»,-ասաց Հայկ Հովհաննիսյանը: Անի Խաչատրյանը պնդեց, որ մեկ ամիսը հարցը ֆեյսբուքում եղել է քննարկման և չի եղել մեկը, ով դեմ լինի: Այսպիսով Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ խմբակցության նիստ կհրավիրեն և կորոշեն:

«Նույն հաջողությամբ եվրոպական երկրներից մեկ ուրիշ քաղաքական կարող էր գնալ Խոջալու, օրինակ` Ֆրանսիայից, հիմա ի՞նչ, Ֆրանսիայի հրապարակը շուտափույթ պետք է փոխե՞լ»,-ասաց նա: