«Տաշիր» ընկերությունների խմբի բարեգործական ծրագիրը՝ ՀԱՊՀ-ում (տեսանյութ)
«Տաշիր» ընկերությունների խումբն իր բարեգործական ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ստեղծել է գերազանցության երկու կենտրոն: Առաջինը ստեղծվել է 2017-ին աշխարհահռչակ ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության հետ համատեղ, իսկ երկրորդ կենտրոնը ստեղծվել է 2018-ին «Կասկադ» ընկերության հետ:
Շնորհիվ համալսարանում գործող գերազանցության կենտրոնների արդեն 2 տարի է՝ համալսարանի ուսանողները տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ունեն և աշխատաշուկա են դուրս գալիս պատրաստված:
ՀԱՊՀ էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրեն Համբարձում Հովսեփյանի խոսքով՝ ժամանակակից սարքավորումներով լաբորատորիաներում ու համակարգիչներով հագեցած լուսավոր և հարմարավետ դասասենյակներում տասնյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ զարգացնում են իրենց հմտությունները, ծանոթանում էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների հետ:
Գերազանցության կենտրոնների տնօրեն Վարուժան Առաքելյանի ներկայացմամբ էլ՝ տարածաշրջանում այս կենտրոնները միակն են և շարժում են նաև հարևան երկրների հետաքրքրությունը:
Ուսումնական գործընթացը բարելավելու և գրավիչ դարձնելու ուղղությամբ «Տաշիր» ընկերությունների խումբն արդեն երկու տարի իրականացնում է նաև Պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի, մեխանիկայի և մեքենաշինության, տրանսպորտի և դիզայնի ինստիտուտների (ֆակուլտետների) գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների կրթաթոշակի տրամադրում ՝ ամսական 250 հազար դրամի չափով:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










