Քրեական հեղինակությունների դեմ ի՞նչ պայքար է տարվում. Վարդան Վարդանյանը՝ փոխոստիկանապետին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Կառավարության 2018թ-ի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը առաջին փոխոստիկանապետ Արման Սարգսյանից հետաքրքրվեց, թե քրեական հեղինակությունների դեմ ի՞նչ պայքար է տարվում: «Չնայած ակնառու է, որ բավական լուրջ աշխատանքներ են տարվել, բոլորս ենք նկատում, ուղղակի կցանկանայի իմանալ՝ գործընթացը շարունակվելո՞ւ է նույն տեմպով, թե ոչ»,-հարցրեց նա:
Փոխոստիկանապետ Արման Սարգսյանը նշեց, որ երկու-երեք օր առաջ «օրենքով գողերից» մեկին ենթարկել են քրեական պատասխանատվության, նրա մոտ զենք են հայտնաբերել: «Այս աշխատանքները մշտական բնույթ են կրում, նրանք գտնվում են օպերատիվ տեսադաշտում անընդհատ կանխարգելիչ միջոցառումները իրականացվելու են»,-ասաց նա:
Քրեական հեղինակությունների դեմ պայքարում, ըստ նրա՝կարևորը մտածողության փոփոխության խնդիրն է: «Որ այդ մարդկանց կողքին կանգնելը երիտասարդների համար ոչ թե պատիվ լինի, այլ ամոթ, այդ մարդկանց հետո շրջելը ոչ թե ապահովության, այլ վտանգի զգացում առաջացնի»,-ասաց նա:
Փոխոստիկանապետի խոսքով՝ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա: Նա տեղեկացրեց, որ Արդարադատության նախարարությունն այս մասով կարծես նախագիծ է մշակում՝ քրեականացնելու օրենքով գողերի և հանցավոր միջավայր ստեղծելու պրոցեսը:










