Աշխատանքիս վերադառնալու առաջարկ ստանալով՝ սառեցրել եմ անդամակցությունս ՀՀԿ-ին. ինձ ուղղված վիրավորանքներին չեմ անդրադառնալու. Աննա Օհանյան
Տնտեսական զարգացման և ներդրումներ նախարար Տիգրան Խաչատրյանից ստանալով նախկին աշխատանքիս վերադառնալու առաջարկը՝ սառեցրել եմ անդամակցությունս Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, քանի որ քաղաքական և մասնագիտական առումով դա կոռեկտ չէր լինի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հայտարարությանը:
«Երիտասարդական քաղաքական ակտիվ շրջանում որևէ մեկին հանրայնորեն չեմ վիրավորել, մշտապես մնացել եմ քաղաքակիրթ բանավեճի սահմաններում։ Այժմ էլ ինձ ուղղված վիրավորանքներին չեմ անդրադառնալու։ Թեև իմ վերադասը համարում է, որ պատշաճ իրականացնում եմ աշխատանքային պարտականություններս, այնուամենայնիվ, մեր գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը բաց է ցանկացած առաջարկի առաջ՝ բարելավելու հանրության հետ կապը, ՏԶՆՆ գործունեության լուսաբանումը։ Եվ վերջապես, կարծում եմ, որ իմ համեստ անձը և այս թեման հեռու է նման մասշտաբի քննարկումների արժանի առարկա լինելուց»,- գրել է Աննա Օհանյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին հարց էր ուղղել՝ նրա մամուլի քարտուղար Աննա Օհանյանին վերաբերյալ. «Դուք մամլո խոսնակ ունեք, որը տարիներ շարունակ ծառայել է ՀՀԿ-ին և եղել է ՀՀԿ անդամ։ Արդյոք նա ազնվորեն և անկեղծորեն կարո՞ղ է ներկայացնել այն ամբողջ աշխատանքը, որ այսօր է իրականացվում»:
Պատգամավորի այս հարցադրումը մեծ աղմուկ է բարձրացրել մամուլում և սոցցանցերում, հարցին անդրադարձել են քաղաքական հասարակական տարբեր գործիչներ։ Բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին քննադատող գրառում էր կատարել: Մասնավորապես, նա Գայանե Աբրահամյանին խորհուրդ է տվել զբաղվել սեփական աշխատանքով, չխառնվել նախարարի աշխատանքին:
Թեմային անդրադարձել է նաև լրագրող Մարիաննա Ղահրամանյանը, ով նշել է. «Գայանե ջան, Աննային իրականում կողքից եմ ճանաչում՝ որպես գերատեսչության խոսնակի, նա նույնիսկ իմ ընկերների ցանկում չկա, բայց կարծում եմ զուտ կուսակցական պատկանելության հիմքով որոշել, թե ով կարող է աշխատել պետական համակարգում, ով ՝ ոչ, կներես, խտրականության դրսեւորում է, խոսնակի պաշտոնը գուցե հայեցողական է, բայց նույնիսկ այդ դեպքում: Նույն տրամաբանությամբ, ամեն եկող իշխանություն պիտի քաղաքական հայացքների հիմքով զտի ամբողջ պետական համակարգը, որովհետեւ կարող է ելնել այն կանխավարկածից, որ այս կամ այն աշխատողը պակաս սրտացավ է, որովհետեւ իքս կուսակցության անդամ չէ, իգրեկ կուսակցության անդամ է կամ ընդհանրապես, անկուսակցական է»:










