ՀՀ–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Գերմանիան կվավերացնի մոտ ժամանակներս, Իսպանիան՝ մյուս ամիս. Ադոնց

17:53 • 22.03.19

Այսօր արդեն ԵՄ անդամ 10 երկիր վավերացրել է Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, սակայն մնացած 18-ից գրեթե բոլորում համաձայնագիրը գտնվում է խորհրդարաններում: Գերմանիան կվավերացնի մոտ ժամանակներս, Իսպանիան՝ մյուս ամիս:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի կատարման ընթացքի արտաքին քաղաքական արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը՝ հույս հայտնելով, որ համաձայնագրի վավերացման փուլը կարճ ժամանակում կավարտվի:

«Հունիսի 21-ին Բրյուսելում կայացել է արդեն համաձայնագրով նախատեսված ՀՀ-ԵՄ բարձրագույն քաղաքական մարմնի գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը: Մինչ այս, այն կոչվում էր համագործակցության խորհուրդ: Հայաստան-ԵՄ-ի հարաբերությունների մակարդակը և որակը բարձրացվել է, և համագործակցությունից անցել ենք գործընկերության ֆորմատի»,- հայտնեց Ադոնցը՝ հավելելով, որ նոյեմբերի 27-ին Երևանում տեղի է ունեցել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին: Հայաստանի Ազգային ժողովը համաձայնագիրը վավերացրել է 2018-ի ապրիլի 11-ին: Եվրամիության անդամ 28 երկրից Բուլղարիան, Միացյալ Թագավորությունը, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Էստոնիան, Մալթան և Դանիան արդեն վավերացրել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագիրը: