Գլոբալ տաքացման ֆոնին Էվերեստի սառույցները հալչում են՝ ի հայտ բերելով լեռնագնացների սառած դիերը
Գլոբալ տաքացման ֆոնին սառույցների հալչելու հետևանքով Էվերեստ լեռան վրա ի հայտ են գալիս նախկինում ձյան մեջ թաղված, ցրտահարության պատճառով մահացած լեռնագնացների դիերը:
Ինչպես նշում է The Guardian-ը, 1922թ. ի վեր Էվերեստի լանջերին՝ տարբեր բարձրությունների վրա, զոհվել է մոտ 300 լեռնագնաց:
Այժմ սառույցների տակից ի հայտ եկող դիերը հեռացվում են լանջերից: Հատկանշական է, որ մեկ դին իջեցնելու գործողությունը կարող է արժենալ մինչև 80 000 դոլար:
«Գլոբալ տաքացման հետևանքով սառույցի շերտն արագորեն հալչում է, ու մահացածների մարմինները, որոնք տարիներ շարունակ թաղված են եղել, ի հայտ են գալիս: Մենք արդեն վայր ենք իջեցրել վերջին տարիներին զոհված լեռնագնացների դիերը, սակայն հիմա էլ ի հայտ են գալիս ավելի վաղ մահացածների մարմինները»,-նշել է Նեպալի լեռնագնացների ընկերակցության նախկին նախագահը:










